ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն կանխել է 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը։ Ըստ ՊԵԿ-ի մամուլի ծառայության՝ Մեղրու մաքսային կետ-բաժնում արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում աշխատակիցների մեջ հիմնավոր կասկած է առաջացել:
Ավելի ուշ պարզվել է, որ փորձ է արվել երեք բեռնատարով մետաղյա ջարդոն արտահանել, թեեւ հայտարարագրվել են հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր։
Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մետաղյա ջարդոնի արտահանումն արգելված է ՀՀ Կառավարության 2023 թվականի հունիսի՝ «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ։