Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։
Նախագահին բնութագրող, նրա գործունեության վրա լույս սփռող որեւէ նոր բան ասել հնարավոր չէ։ Ամեն ինչ ասված է, բոլորը գիտեն, անգամ նրանք, որոնց նեղություն է պատճառում նրա անհերքելի ողջամտությունը։
Որեւէ մաղթանք էլ դժվար կլինի հղել, քանզի ապրում ենք ժամանակներում, երբ նրա մտածած ու ծրագրած Հայաստանը, օր օրի նսեմանալով, մոտեցել է ինքնաոչնչացման սահմանին։
Առաջին նախագահին թե՛ իր պաշտոնավարման տարիներին, թե՛ հետո շատ «մեղքեր» են վերագրվել, դրանցից մեկն էլ համազգային ներուժն «արհամարհելն» ու Հայաստան-Սփյուռքի միասնությանը «խոչընդոտելն» էր։
«Ֆակտում» փաստագրական կենտրոնի արխիվում պահվող այս հարցազրույցը, որը Տեր-Պետրոսյանը տվել է ֆրանսիացի ու ֆրանսահայ լրագրողներին, գուցե առիթ տա մտածելու, որ շատ հաճախ մենք ոչ թե մտածում ենք, այլ կրկնում պատրաստի մտքեր։