Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության եւս մեկ ռազմական թունելի՝ ոչնչացնելով 6 ստորգետնյա եւ 10 ցամաքային հրթիռակայան:
Կործանիչները թիրախավորել են Իսրայելի տարածք հրթիռներ արձակելու պատրաստվող ՀԱՄԱՍ-ի հինգ զինյալի:
Վերջին տվյալներով Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների եւ Իսրայելի բանակի միջեւ շարունակվող երկկողմանի հրթիռակոծումներից Իսրայելում զոհվել է տասը մարդ, հարյուրավորները տուժել են: Մեկ շաբաթվա հրթիռակոծությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 1300 մարդ: Տուժածների թվում 58 երեխա կա:
Գազայի հասարակական աշխատանքների եւ բնակարանաշինության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական կողմի հրթիռահրետանային հարվածների հետեւանքով Գազայի հատվածում ամբողջովին ավերվել է ավելի քան 800 բնակելի շինություն, եւս 10 հազարը վնասվել է:
Նախարարությանը կից ստեղծվել է փլատակներից զոհվածների եւ վիրավորների դուրսբերման աշխատանքներով զբաղվող շուրջ 80 փրկարար բրիգադ:
Ավելի վաղ իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել «Ալ Ջալա» 11-հարկանի շենքին, որտեղ տեղակայված էին Կատարի Al Jazeera հեռուստակայանի, ինչպես նաեւ Associated Press գործակալության եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցչությունները: