Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի դեկտեմբերի վերջին ներկայացրած առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է ե՛ւ որոշակի հետընթաց մի շարք հոդվածներով, ե՛ւ որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։
Հունվարի 10-ին դրա մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ հունվարի 4-ին հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հայկական առաջարկները։ Արտգործնախարարը հավելել է, որ Երեւանը բավական կառուցողական է աշխատել այդ առաջարկների վրա, հայկական կողմի ուղարկած առաջարկները կրկին շատ կառուցողական են:
«Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որեւէ այլեւայլության եւ երկիմաստության։ Սա այն հարցն է, որտեղ առավելագույն հստակություն է պետք, եւ վերջնական խաղաղության պայմանագիրը պետք է այս հստակությունն ապահովի»,- ընդգծել է արտգործնախարարը։
Միրզոյանը շեշտել է, որ եթե երկրների միջեւ սահմանազատման գործընթացը երկար ժամանակ է պահանջելու, ուրեմն խաղաղության պայմանագրում առնվազն պետք է լինեն այն հստակ հիմքերը, որոնց վրա հետագայում պետք է ընթանա սահմանազատման գործընթացը։
«Եթե մենք խաղաղություն ենք հաստատում, հաստատում ենք այնպիսի խաղաղություն, որ դժվար եւ հնարավորինս անհնար լինի կասկածի տակ դնել եւ խախտել, պայմանագրում չպետք է հիմքեր լինեն հետագա էսկալացիաների համար»,- շեշտել է ՀՀ արտգործնախարարը։