Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդությունների աճ։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ հունվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 582 բուժառու, որոնցից 95 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հոսպիտալացված է 237 բուժառու (62 տոկոսը 0-18 տարեկաններ)։
Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացված է 78 բուժառու, որից 95 տոկոսը 0-18 տարեկաններն են։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի առավել տարածված են գրիպի Ա եւ Բ տեսակները, դրանց ենթատեսակները։ Ախտանշանները տարբեր են՝ կախված շնչառական վարակի տեսակից։
ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Մարինե Զազյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ սեզոնային գրիպից խուսափելու համար անհրաժեշտ է պատվաստվել։
«Սեզոնային գրիպի աճ նկատվում է հատկապես աշնան, գարնան, ձմռան ամիսներին։ Աշնանն արդեն պետք է պատվաստվել։ Հատկապես 65 տարեկանից բարձր քաղաքացիներն ու հղիները ռիսկի խմբում են եւ պատվաստման ցուցում ունեն։ Պատվաստվում են նաեւ երեխաները՝ 6 ամսականից սկսած»,- մանրամասնում է Մարինե Զազյանը։
Վեց ամսականից մինչեւ երեք տարեկան երեխաները պատվաստումը ստանում են երկու դեղաչափով․ երկրորդ դեղաչափը ստանում են առաջինի ընդունումից մեկ ամիս անց։ Իսկ երեք տարեկանից բարձր երեխաներն ու մեծահասակները միանվագ են ստանում պատվաստում։
Մասնագետները հորդորում են հատկապես աշնանը պատվաստվել, որպեսզի 2-4 շաբաթվա ընթացքում հակամարմիններ առաջանան, եւ օրգանիզմը ձմռանը գրիպից պաշտպանված կլինի։ Հակամարմինները, որոնք պաշտպանում են գրիպից, օրգանիզմում պահպանվում են մեկ տարի, ուստի տարվա ընթացքում հարկ է պատվաստվել ընդամենը մեկ անգամ։
Մարինե Զազյանը վստահեցնում է՝ եթե անգամ պատվաստված մարդիկ հիվանդանում են, հիվանդությունն ընթանում է ավելի մեղմ, առանց բարդությունների։ Պատվաստված մարդիկ ավելի արագ են կազդուրվում։
Կորոնավիրուսով վարակման դեպքերը 2020 թվականի համեմատ նվազել են, բացի այդ՝ վիրուսը մուտացիայի է ենթարկվել, շտամները փոխվել են։ Այժմ եղած շտամները պակաս վտանգավոր են նախկինում եղածների համեմատ, ինչի հետեւանքով մահվան դեպքերը նվազել են։ Մահվան դեպքեր հիմնականում գրանցվում են, երբ բուժառուն ունի ուղեկցող ծանր կամ քրոնիկական հիվադություններ կամ տարեց է։ 0-18 տարեկանների շրջանում վերջերս մահվան դեպքեր չեն գրանցվել կորոնավիրուսի պատճառով։
«Բնականաբար, օրգանիզմի դիմադրողականությունից է կախված, թե հիվանդությունն ինչ ընթացք կունենա, այդուամենայնիվ, կորոնավիրուսի այս նոր շտամների պարագայում 0-18 տարեկանների շրջանում եթե անգամ բարդություններ, թոքաբորբ լինում են, շնչառական անբավարարություն չի լինում։ Իհարկե, կարեւոր է նաեւ, որ բուժառուն ժամանակին դիմի բժշկի»,- մանրամասնում է Զազյանը։
Գրիպով հիվանդները հիմնականում բուժվում են առողջության առաջնային պահպանման օղակներում, իսկ բարդություններ, թոքաբորբ ունեցողները կամ ռիսկային խմբերում գտնվողները (0-2 տարեկաններ, տարեցներ, հղիներ) ստացիոնար բուժում են ստանում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։
Մարինե Զազյանը վստահեցնում է՝ տարեցտարի ավելի շատ քաղաքացիներ են գրիպի դեմ պատվաստվում, ինչի շնորհիվ սեզոնային գրիպով հիվանդությունների դեպքերը նվազում են։ Դեռեւս վիճակագրություն չկա, թե գրիպի դեմ պատվաստված քաղաքացիների քանի տոկոսը չի վարակվել, այսուհանդերձ, բժիշկը եւս մեկ անգամ հիշեցնում է՝ եթե անգամ պատվաստված մարդը վարակվի գրիպով, բարդություններ չեն լինի, արագ կկազդուրվի։
Գրիպով չհիվանդանալու համար հարկավոր է պահպանել նախազգուշական կանոնները․ ախտանշան ունենալու դեպքում պետք է դիմակ դնել, սահմանափակել շփումները։ Խորհուրդ է տրվում գրիպի ախտանշաններ ունեցող երեխաներին չուղարկել ուսումնական հաստատություններ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։