Առաջիկայում ԱԺ կներկայացվի կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ: Ըստ օրինագծի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։
Դրա մասին 2023 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նախարարը հայտնել է նաեւ, որ Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ ինը հազար թոշակառուներ, որոնք 300 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ են ստանում։
Նախարարությունն ընդլայնել է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքում, եւ աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք չէ։