Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածում գրանցված հարյուրավոր ռուս աղջիկներ եւ կանայք նամակագրությամբ կապ են հաստատել տարբեր տարիքի ՀՀ քաղաքացի տղամարդկանց հետ եւ խաբեությամբ գումար հափշտակել նրանցից։ Դրա մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Միասին թատրոն գնալու պատրվակով ազգությամբ ռուս կամ ռուս ներկայացող կանայք հայ տղամարդկանց առաջարկում են իրենց նախընտրած ներկայացման տոմսեր գնել։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից նշում են, որ ռուս ներկայացած կանայք ՀՀ-ում գործող թատրոնների կայքէջերի կեղծ հղումներ են ուղարկում, որոնցով մուտք գործելով՝ հայ տղամարդիկ տոմս գնելու նպատակով լրացնում են իրենց բանկային քարտի տվյալներն ու կատարում վճարում։
«Արդյունքում, քարտապանից հափշտակվում է ոչ միայն որպես տոմսի արժեք նշված, այլեւ որոշ դեպքերում՝ նրա հաշվին եղած ամբողջ գումարը»,– ասված է հաղորդագրությունում։
Իրավապահ մարմնում քննվում են համակարգչային տեխնիկայի կիրառմամբ խաբեությամբ գումար հափշտակելու հատկանիշներով 100-ից ավելի բացված քրեական վարույթներ։ Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է տոմսեր ձեռք բերել բացառապես թատրոնների պաշտոնական էջերից, օգտվել ոչ թե 3-րդ անձի ուղարկած, այլ վստահելի վճարային ծառայություններից։