Ֆրանսիայի ԱԳՆ-ն հունվարի 10-ին հերքել է Ադրբեջանի` իրենց երկրի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ մեղադրանքները։ Ավելի վաղ Փարիզը պահանջել էր ազատել Բաքվում լրտեսության համար կալանավորված Ֆրանսիայի քաղաքացուն։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում շեշտել են, որ կապ են պահպանում կալանավորվածի ընտանիքի եւ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան հետ։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ կալանավորումն անօրինական են համարում եւ պահանջում անհապաղ ազատ արձակել Ֆրանսիայի քաղաքացուն։ «Կտրականապես հերքում ենք Ադրբեջանի մեղադրանքները, որոնք նպատակ ունեն արդարացնելու մեր հասցեին արվող այդ ագրեսիվ գործողությունները»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նախօրեին Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան հայտնել էր Բաքվում դեկտեմբերի 4-ին լրտեսության համար մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալության մասին։ Բաքվի դատարանը Ֆրանսիայի քաղաքացուն 4 ամսով կալանավորելու մասին վճիռ էր ընդունել։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Բաքվում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալումն անվանել է Ադրբեջանի ներքին գործը եւ ֆրանսիական կողմին կոչ արել չմիջամտել քննչական գործին։