Ռուսաստանի Պետդումայի առողջապահության կոմիտեն հունվարի 11-ին հանդես է եկել դեռահասներին ոչ ալկոհոլային գարեջրի վաճառքն արգելելու նախաձեռնությամբ։ Օրենքի նախագիծն ուղարկվել է կառավարություն՝ արձագանքելու համար: Սրա մասին գրում է «Իզվեստիան»։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ վաճառքի արգելքը պետք է վերաբերի միայն այն խմիչքներին, որոնք պատրաստվում են գարեջրի հիմքից, եթե դրանցում ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 0,5%-ը։
Միեւնույն ժամանակ, ինչպես նշում են պատգամավորները, «ոչ ալկոհոլային գարեջրի արտադրության տեխնոլոգիան նման է ալկոհոլի արտադրությանը», քանի որ էթանոլը ըմպելիքներից արհեստականորեն հանվում է։ «Հետեւաբար նման խմիչքները չեն կարող համարվել ալկոհոլից լիովին զերծ»,- ասված է պարզաբանման մեջ։
Այս գործընթացում ներգրավված Պետդումայում «Իզվեստիա»-ի աղբյուրի տվյալներով՝ վերջին տարիներին լայն տարածում է գտել ոչ ալկոհոլային գարեջրի գովազդը այն բրենդային ապրանքանիշների ներքո, որոնք առավելագույնս օգտագործվում են ալկոհոլային խմիչքի արտադրության մեջ: «Սա անհանգստության տեղիք է տալիս եւ կարող է նաեւ ցույց տալ, որ արտադրողները թիրախավորում են բնակչության այս ամենախոցելի խումբը»,- նշել է պարբերականի աղբյուրը։
Ըստ NielsenIQ-ի 2023-ի 9 ամիսների տվյալների՝ ոգելից խմիչքների վաճառքի 85%-ը 3-6% միջին թնդության ըմպելիքներն են։