ՀՀ ներքին գործերի նախարարությունում 2024-ին արդյունավետ կառավարում ունենալու եւ գործառույթների կրկնակիությունը բացառելու համար կօպտիմալացվի 629 հաստիք։ 2023-ին հաստատվել են նախարարության եւ ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության թվակազմը։
Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակում ծառայությունը կզարգանա որպես մասնագիտական կառույց 4 ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա եւ համայնքային ոստիկանություն։
Միաժամանակ կվերացվեն ոստիկանության մարզային վարչությունները: Հիմնական 4 ուղղություններով ստորաբաժանումները Երեւանում եւ մարզերում կունենան իրենց տարածքային ստորաբաժանումները։ Յուրաքանչյուր մարզում պարեկային ծառայությանը զուգահեռ կձեւավորվի նաեւ ծառայության գործունեությանն օժանդակող օպերատիվ կառավարման՝ քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոններ։
Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավումը խթանելու նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որի արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։