Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ մայիսի 19-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային իրավիճակը:
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին ու Բաքվին կօգնի կարգավորելու ծագած սահմանային խնդիրը՝ երկու կողմի դիմելու դեպքում:
«Բնական է, երբ նման իրավիճակում կողմերն օգնության են դիմում, խնդրում միջնորդել, օժանդակել, մանավանդ որ նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների մշակման ենթատեքստում նման փորձ ունենք: Դրա համար ոչ թե կողմերից մեկի, այլ հենց երկու կողմերի, նկատի ունեմ Հայաստանից եւ Ադրբեջանից նման խնդրանք ստանալու դեպքում պատրաստ կլինենք մեր ուժերի ներածին չափով աջակցելու»,- նշել է Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության թղթակցի հարցերին:
Ռուդենկոն հավելել է նաեւ, որ ԱԳՆ ղեկավարները հավաքվելու են Դուշանբեում՝ օրակարգի հարցերը քննարկելու նպատակով: «Չեմ բացառում, որ այդ հարցերն այնտեղ քննարկվեն: Ըստ իս` հիմնական քննարկումը տեղի կունենա Դուշանբեում՝ նախարարների հանդիպմանը»: