Այսօր կոմունիստական Չինաստանից դե ֆակտո անկախ, դեմոկրատական Թայվանը նախագահ է ընտրում։ Պեկինը մրցավազքի ֆավորիտին համարում է «անջատողական» եւ խոստանում է քայլեր ձեռնարկել, եթե Թայվանը ակնարկի պաշտոնական անկախության մասին:
BBC-ին գրում է, որ եթե Չինաստանը որոշի ուժ կիրառել, ամբողջ աշխարհը կբախվի 21-րդ դարի ամենակործանարար ճգնաժամին, որի հետեւանքները Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման, ՔՈՎԻԴ-ի համաճարակի եւ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համեմատ նախերգանք կթվան:
Թայվանը ծանոթ է չինական սպառնալիքներին, բայց այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է, քանի որ կղզում առաջին նախագահական ընտրություններն են անցկացնում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո: Չինաստանը ոչ միայն չդատապարտեց միջուկային տերության ագրեսիան թույլ հարեւան երկրի դեմ՝ «մեկ ժողովրդի վերամիավորման» անվան տակ, այլեւ մի բան էլ ավելի ամրապնդեց կապերը Կրեմլի հետ։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բազմիցս ընդունել եւ այցելել է իր «թանկագին ընկեր» Վլադիմիր Պուտինին, որն Արեւմուտքի աչքի փուշն է եւ ուկրաինացիների դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ է։
Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Թայվանը պաշտոնապես իրենց համարում են մեկ մեծ Չինաստան։ Թայվանը, սկզբունքորեն, դեմ չէ միավորվելուն, բայց ո՛չ Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, եւ հանդես է գալիս ստատուս-քվոյի օգտին՝ ֆորմալ առումով միասին, իրականում առանձին:
Ըստ հարցումների՝ թայվանցիների ավելի քան 90%-ը չի ցանկանում անհապաղ վերամիավորում։ Սակայն Թայվանում անկախության հռչակման կողմնակիցներ գրեթե չկան, քանի որ նման հռչակումը բացարձակապես կհանգեցնի ՉԺՀ-ի հետ կործանարար պատերազմի:
Սի Ցզինպինը բազմիցս զգուշացրել է դրա մասին։ Նա Չինաստանից ընդամենը 150 կմ հեռավորության վրա գտնվող կղզուն վերաբերում է նույն կերպ, ինչպես Վլադիմիր Պուտինը վերաբերվում է ուկրաինական Ղրիմ թերակղզուն:
Սին իր ձեռքում է կենտրոնացրել ՉԺՀ-ի ամբողջ իշխանությունը եւ վերջին տարիներին բազմիցս հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման անխուսափելիության մասին։ Նա ասել է, որ այս հարցը չպետք է թողնել գալիք սերունդներին, սակայն հերքել է 2027 թվականին այն ավարտին հասցնելու ժամկետի մասին ենթադրությունները։
Թայվանի ընտրություններից երկու շաբաթ առաջ ամանորյա ուղերձում Սին հայտնարարեց, որ Թայվանն «անպատճառ վերամիավորվելու է» Չինաստանի հետ: Վերլուծաբանները նկատել են չինացի նախագահի խոսքում տոնայնության կոշտացումը. անցյալ տարի նա միայն «Թայվանի նեղուցի երկու կողմերում գտնվող մարդկանց մի ընտանիքի անդամներ» էր անվանել։
«Ոչ ոք այլեւս չի զարմանում, որ Չինաստանը կօգտագործի բանակը վախեցնելու համար։ Եվ նա դա անում է ավելի ու ավելի հաճախ եւ ավելի հոժարակամորեն», — ասում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների ամերիկյան կենտրոնի (CSIS) վերլուծաբան Բրայան Հարթը:
Թայվանի անվտանգության գլխավոր երաշխավորը ԱՄՆ-ն է։ Ամերիկան խոստանում է պաշտպանել 24 միլիոնանոց բնակչություն ունեցող կղզին, եթե 1,5 միլիարդանոց մայրցամաքային Չինաստանը հարձակվի նրա վրա:
Խաղադրույքներն ավելի բարձր են, քան երբեւէ, եւ այսօր անցկացվող նախագահական ընտրությունները կարող են դառնալ այն կայծը, որից բռնկելու է տարածաշրջանային մի հակամարտություն, որն ընդունակ է վերաճելու համապարփակ առճակատման՝ մոլորակի երկու խոշորագույն տնտեսական եւ ռազմական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ:
Եթե Թայվանը շրջափակվի կամ չինական ռումբերի տակ ընկնի, բջջային հեռախոսների, մեքենաների եւ էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրությունը կդադարեցվի, քանի որ կղզին արտադրում է աշխարհի բոլոր միկրոպրոցեսորների 60%-ը եւ առաջնակարգ չիպերի 90%-ը: Կտուժի նաեւ չինական տնտեսությունը, որն աշխարհում մասշտաբով երկրորդն է ամերիկյանից հետո։ Այդ բախումը շոշափելիորեն կանդրադառնա մնացած աշխարհի վրա:
Bloomberg-ի տնտեսագետները Թայվանի հետ Չինաստանի հակամարտությունից պոտենցիալ վնասը գնահատել են աստղաբաշխական 10 տրիլիոն դոլար կամ ամբողջ համաշխարհային տնտեսության 10%-ը: Նման մասշտաբի ճգնաժամից ուշքի գալու համար աշխարհին տասնամյակներ կպահանջվի:
Ինչու Չինաստանին պատերազմ պետք չէ
Իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության թեկնածուի հաղթանակը կարող է ուժային որոշման պատճառ դառնալ։ Գործող փոխնախագահ Լայ Ցինդեն ձգտում է նախագահի պաշտոնին եւ ներկայանում է որպես Ցայ Ինգ Վենի քաղաքականության շարունակող, որը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է առավելագույնը երկու ժամկետով։ Այնուամենայնիվ, Թայվանի անկախության վերաբերյալ Լայի նախկին արտահայտություններն ընդդիմությանն ու Պեկինին հիմք են տվել նրան «պատերազմի թեկնածու» եւ «ԱՄՆ-ի խամաճիկ» անվանելու:
«Կարծում եմ, որ Չինաստանը կշարունակի զենք ճոճել, եւ եթե Լայը հաղթի նախագահական ընտրություններում, ռազմաշունչ հռետորաբանությունը հավանաբար ավելի կակտիվանա», — կանխատեսում է Բրայան Հարթը:
Փորձագետներն առանձնացնում են լարվածության սրման երեք հավանական տարբերակ՝ լայնածավալ զորավարժություններ Թայվանի ափերի մոտ, կղզու շրջափակում եւ ներխուժում: Ժամկետների վերաբերյալ եւս բանավեճ է ծավալվում։ Նոր նախագահը պաշտոնը չի ստանձնի մինչեւ մայիս, ուստի անխուսափելի ճգնաժամի սպասումը կարող է տեւել մի քանի ամիս:
Ուժի կիրառման դեմ փաստարկները հանգում են նրան, որ դա ամենեւին ձեռնտու չէ Չինաստանին։
«Չինաստանի եւ նրա առեւտրային գործընկերների, դրանց թվում՝ Թայվանի միջեւ տնտեսական փոխկախվածությունը չափազանց բարձր է։ Եթե հակամարտությունը կաթվածահար անի առեւտուրը, ներդրումները եւ աշխատուժը, ծախսերը վիթխարի կլինեն: Նույնիսկ ավելին, քան այն ծախսերը, որոնք Ռուսաստանը կրեց Ուկրաինայի պատճառով իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում»,- ասում է CSIS-ի մեկ այլ չինագետ Սքոթ Քենեդին:
Էսկալացիան կվիժեցնի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ Չինաստանի հարաբերություններում հազիվ տեսանելի ջերմացումը: Պատերազմը Սի Ցզինպինին կզրկի երկիրը բարգավաճման աճի նախկին տեմպերին վերադարձնելու եւ մի օր Ամերիկայից հասնելու եւ առաջ անցնելու հույսից:
Ինչու է Չինաստանին պետք պատերազմ
Ընդսմին Արեւմուտքը փորձեց Պուտինին էլ զսպել Ուկրաինա ներխուժումից առաջ՝ համոզելով, որ դա ՌԴ-ի համար անշահավետ է, թանկ կնստի նրա համար, կործանարար կլինի երկրի տնտեսության համար։ Բայց Պուտինը գնաց վա-բանկ ավելի հավակնոտ նպատակների համար, քան սոսկ օտար տարածքների նվաճումն է: Մինչ Պուտինը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին Եվրոպայում, Սին կարող է հետեւել իր «թանկագին ընկերոջ» օրինակին եւ փորձել նույնն անել Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսում, քանի դեռ նրանց ընդհանուր թշնամու ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացած են Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում մոլեգնող պատերազմների վրա։
Այս դեպքում պատժամիջոցների հեռանկարը եւ տնտեսական ճգնաժամը չեն վախեցնի Սի Ցզինպինին, ասում է Ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (FPRI) վերլուծաբան Լոնի Հենլին:
«Եթե Չինաստանը որոշի պատերազմել, նրանք իրենց ամբողջ ռազմական հզորությունը կթափեն Թայվանի վրա: «Դուք թանկ եք վճարելու» կարգի հայտարարությունները Չինաստանին չեն կանգնեցնի։ Պեկինում տեղյակ են»,- հավելում է վերլուծաբանը։
Թայվանի հետ պատերազմը կկործանի ե՛ւ Չինաստանի, ե՛ւ համաշխարհային տնտեսությունը
«Նրանք գիտեն, որ Թայվանի հետ պատերազմը կկործանի ե՛ւ Չինաստանի տնտեսությունը, ե՛ւ համաշխարհային տնտեսությունը գալիք տասնամյակների ընթացքում: Նրանք գիտեն, որ ինչ արդյունք էլ լինի, ԱՄՆ-ի հետ երկար տարիների թշնամություն են սպասում: Սա նույնիսկ նոր սառը պատերազմ չէ: Սա նոր թեժ պատերազմ է, եւ այն դեռ երկար կտեւի»։
Չինաստանը չի բավարարվի շրջափակմամբ, քանի որ այն ընդգրկում է նույն ծախսերը, ինչ ներխուժումը, բայց հաջողության ավելի քիչ հնարավորություններ ունի, համոզմունք է հայտնել Պենտագոնի կողմից ֆինանսավորվող Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծական կենտրոնի չինական բանակի գծով գլխավոր մասնագետ Ֆիլ Սաունդերսը:
Երկարատեւ շրջափակումը Ամերիկային հնարավորություն կտա օժանդակ ուժեր ներգրավել եւ կսպառի ոչ միայն Թայվանի, այլեւ Չինաստանի ռեսուրսները, ինչը Կոմունիստական կուսակցության համար հղի է ներքաղաքական գլխացավանքներով։
«Ինձ թվում է, որ եթե Սի Ցզինպինը որոշի ուժ կիրառել, ապա կայծակնային հաղթանակի հեռանկարն ավելի գրավիչ կթվա, քան երկարատեւ շրջափակումը»,-կարծում է Սաունդերսը։
Չինաստանի ռազմական գերազանցությունն անառարկելի է: Ավելի քան երկու հազար չինական մարտական ինքնաթիռների դեմ Թայվանը հազիվ 300-ից ոչ ավելի ինքնաթիռ դուրս բերի, այն էլ հիմնականում հնացած ու մաշված: Վերջին ժամանակներս չինական կործանիչներն ու նավերն ազատ եւ կանոնավոր կերպով հատում են Թայվանի նեղուցի միջին գիծը, որը տասնամյակներ շարունակ եղել է մայրցամաքի եւ կղզու ծպտյալ սահմանը:
Չինաստանն ուժեղացնում է իր կանոնավոր զորքերը, նավատորմը եւ միջուկային զինանոցը: Վիթխարի բանակը, մշտական տեղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եւ միջուկային զենքն ապահովագրում են նրա պարտությունը, ինչպես դա եղավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում: Իսկ հաղթանակը խոստանում է անհավանական առավելություններ, քանի որ այն կփոխի ուժերի դասավորությունն ամբողջ աշխարհում։
Եթե Ամերիկան ի վիճակի չլինի պաշտպանել Թայվանը՝ ապա կկորցնի ժողովրդավարության անպարտելի երաշխավորի իր կարգավիճակը ոչ միայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Իրենց անվտանգությամբ մտահոգ երկրները կսկսեն հավատարմության երդում տալ Պեկինին։ Ավտոկրատ չինական մոդելը համաշխարհային տիրապետության համար պայքարի մեջ կմտնի ազատ հասարակության արեւմտյան մոդելի հետ։
Ընտրություններն այլեւս չեն առնչվում պատերազմին եւ խաղաղությանը
Լայ Ցինդեն առաջատար է նախնական հարցումներում, բայց նրա հաղթանակը երաշխավորված չէ: Սա առաջին անգամ չէ, երբ Թայվանում ընտրություններն անցկացվել են չինական արմադայի ստվերում եւ ներխուժման քողարկված սպառնալիքների տակ:
1996 թվականից ի վեր, երբ Թայավում առաջին անգամ ընտրվեց նախագահը, հասարակության մեջ ձեւավորվել է համաձայնություն անկախության եւ միավորման հիմնական հարցի վերաբերյալ: Ընտրություններն այլեւս չեն առնչվում պատերազմին եւ խաղաղությանը, ինչպես կարող է թվալ կողքից, այլ ժողովրդավարական Թայվանի ներքին խնդիրներին:
Երեք թեկնածուներն էլ պաշտպանում են ստատուս քվոն։ Ո՛չ Լայ Ցինդեն, ո՛չ Հոու Յուը՝ մեծությամբ երկրորդ Կումինթանգ կուսակցության թեկնածուն, ո՛չ էլ Թայվանի Ժողովրդական կուսակցության պոպուլիստ Կե Վենչեն չեն ակնարկում անգամ անկախության կամ մայրցամաքային Չինաստանի հետ մոտալուտ միավորման մասին։
Ընտրությունների արդյունքը կարող է որոշվել թեկնածուների դիրքորոշմամբ այլ հարցերի առնչությամբ: Թայվանցիներին անհանգստացնում են կենսամակարդակի անկարգությունները, մատչելի բնակարանների անբավարարությունը եւ երիտասարդության շրջանում գործազրկության պակասը: Ոչ բոլորն են աջակցում իշխող կուսակցության պատրաստակամությունը պաշտպանական ծախսերն ավելացնելու, սուզանավերի կառուցման եւ համընդհանուր զինապարտության ընդլայնման հարցում:
Հ.Գ. Հունվարի 13-ին ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թայվանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության առաջնորդ Լայ Ցինդեն:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը