ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի 11-ի, լույս 12-ի գիշերը Կարմիր ծովի կողմից ինքնաթիռներից, նավերից եւ սուզանավերից հարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ավելի քան 60 թիրախների: Մասնավորապես խոցվել են հութիների անօդաչու թռչող սարքերի, հրթիռների տեղակայման վայրերը եւ ռադիոտեղորոշիչ կայանները։ «Ալ Հադաթ» հեռուստաալիքը հայտնել է, որ հարվածներ են հասցվել հութիների դիրքերին՝ երկրի արեւմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտակայքում: Պայթյուններ են որոտացել Եմենի Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ եւ Դամար քաղաքներում։ Ռմբակոծվել է նաեւ Սանայի միջազգային օդանավակայանը:
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ հարվածները պաշտպանական բնույթ են կրել։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենում հարվածը հասցվել է՝ ի պատասխան Կարմիր ծովում հութիների հարձակումների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հութիներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծումը եւ լարվածության նվազեցման քայլեր ձեռնարկել: Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն Ալ Ազին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարելու Եմենին զանգվածային հարվածների համար:
Հութիների ղեկավարության ներկայացուցիչ Աբդուլլահ բեն Ամերը Al Jazeera հեռուստաալիքին իր հերթին հայտնել է, որ ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում շարժումը կհարվածի տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի բազաներին:
Սաուդյան Արաբիան կողմերին զսպվածության եւ տարածաշրջանում լարվածության սրացումը թուլացնելու կոչ է արել։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հունվարի 12-ին խստորեն դատապարտել է Եմենի հութիների վրա ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարձակումը: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանում դա համարում են Եմենի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ միջազգային օրենքների, կանոնակարգերի եւ իրավունքների բացահայտ խախտում:
Ըստ Reuters գործակալության՝ Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման խոսնակ Մոհամմեդ Աբդուլսալամը հունվարի 12-ին հայտարարել է, որ Եմենի վրա ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանայի հարձակումը ոչ մի արդարացում չունի։ Նա շեշտել է, որ իրենք կշարունակեն թիրախավորել դեպի Իսրայել մեկնող յուրաքանչյուր նավ:
Ռուսաստանն իր հերթին խնդրել է հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ Եմենում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից թիրախներին հասցված հարվածների առնչությամբ: Դրա մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը։