Արեւմուտքին դուր գալու ձգտման մեջ կարիք չկա ծայրահեղության հասնելու եւ աբսուրդի մեջ ընկնելու: Մեկնաբանելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի խոսքերը՝ սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան հավելել է, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք նման բաներ են հայտարարում, պարզապես կորցրել են չափի զգացումը։
Խանդանյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի եւ Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, եւ դա նրանց լեգիտիմություն է տալիս: Անդրադառնալով «խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ հետընթացի» մասին Երեւանի հայտարարություններին՝ Զախարովան նշել է, որ դա շատ կարեւոր հարց է բուն Հայաստանի համար։
Ռուս դիվանագետը շեշտել է, որ Հարավային Կովկասում իրական կայուն խաղաղություն հաստատելու համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը բարձր մակարդակով ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է, որը ստորագրվել է 2020-2022 թվականներին։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնը եւ Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, կա՛մ վերաշարադրել են ի նպաստ սեփական շահերի:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Ռուսաստանում ցավում են, որ ՀՀ իշխանություններն ու իրավապահ մարմինները պատշաճորեն չեն արձագանքել հունվարի 1-ին Երեւանի կենտրոնում Գարեգին Նժդեհի արձանի մոտ ազգայնամոլ երիտասարդների երթին։ Նա զարմանք է արտահայտել, որ հայկական իրավապահ ուժերը ոչ մի կերպ չեն խոչընդոտել տեսախցիկների առաջ նացիստական ողջույն հղող հավաքի մասնակիցներին:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ «դարչնագույն ժանտախտի» վերացման համար ուս ուսի պայքարել են Գեորգի Ժուկովը, Հովհաննես Բաղրամյանը, Հովհաննես Իսակովը եւ Հայաստանի ու Ռուսաստանի շատ այլ ներկայացուցիչներ: Նա հիշեցրել է, որ գրեթե 80 տարի առաջ ռուսներն ու հայերը, ինչպես նաեւ մյուս ժողովուրդների ներկայացուցիչները, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին միասնաբար հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստանը ՌԴ մյուս համախոհ երկրների հետ ամեն տարի ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում հանդես է գալիս ի պաշտպանություն նացիզմի եւ նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարի ռուսական բանաձեւի: Զախարովան ընդգծել է` Ռուսաստանում համոզված են, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի ցանկացած դրսեւորում։