Factor.am-ը հայտնել է, որ եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, այդտեղ առանց մրցույթի շենքեր կկառուցի «GreenRock Management Group» ընկերության սեփականատեր, Շվեյցարիայի մշտական բնակիչ Մարետա Գեւորկյանը:
Վերջինս Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի եւ թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետերն է: «GreenRock Management Group» ընկերությունը դիմել է Երեւանի քաղաքապետարան Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում անելու համար: Դրա մասին Factor.am-ը տեղեկացել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից եւ Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից։
Ըստ աղբյուրի՝ Մարետա Գեւորկյանն ամիսներ առաջ Երեւանին 254 միլիոն ՀՀ դրամ էր նվիրաբերել:
Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գեւորկյանի՝ Երեւանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Factor.am-ը նշել է նաեւ, որ Evocabank-ն այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։