Վերջերս Թուրքիայի տրանսպորտի նախարարը խոսել էր «Զանգեզուրի միջանցք» ծրագրի հեռանկարների, Թեհրանի ներգրավման եւ Հայաստանից դրական ազդակների մասին։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց՝ որեւէ տնտեսական ծրագիր չի կարող խաթարել երկրների ինքնիշխանությունը։
Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանը կրկին շեշտեց Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Հարցին, թե տարածքային ամբողջականության խախտման դեպքում Իրանն ինչ միջամտություն կունենա, նա պատասխանեց՝ չի խախտվի։
Իլհամ Ալիեւի կողմից «Խաղաղության» վերացական դարաշրջանը ոտնատակ անելը սպասելի էր: Ալեն Սիմոնյանը, կարծում եմ, պետք է ներում խնդրի այն երեխաներից, որոնք իրենց ամանորյա նամակներում խաղաղություն էին «պահանջել»։ Սիմոնյանը պնդում էր, որ այն դեռեւս այսքան մոտ չի եղել։
Մերձավոր Արեւելքը նույնպես քնած չէ։ Կարմիր ծովում բեռնափոխադրումների խափանումները, որ սկսեցին հուսիթները (Իրանի աջակցությամբ), հանգեցրին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կոշտ գործողություններին, ինչը դատապարտեցին Իրանն ու Իրաքը։
Դեռ հարց է, թե այս ամենի հետեւանքով ինչ կլինի նաեւ Լիբանանում, իսրայելա-պաղեստինյան ճակատում, ինչ ազդեցություն կունենա ուկրաինական վակուումը, ինչը կլինի Պակիստանի պես միջուկային տերության ներքաղաքական խառնաշփոթի վերջնարդյունքը, արդյոք Աֆղանստանը նորից կդառնա թեժ կետ, ինչ արդյունքներ ու ազդեցություն կունենան 2024-ի ընտրությունները։
Կան այսպիսի բազում հարցեր, որոնք անորոշ են եւ իրենց ազդեցությունն են ունենալու աշխարհաքաղաքական գործընթացների վրա։ Մեկ բան ակնհայտ է, Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել։
Հայաստանը տրանսպորտային ուղիների առումով դարձել է կարեւոր կետ, հատկապես Հնդկաստանի ու Իրանի համար։ Ռուսական կողմն էլ չի հանդուրժի էական քայլեր ընդդեմ Հայաստանում իր ազդեցության։ Սակայն Ռուսաստանը հասկանում է, որ իր ազդեցությունն էլ առաջվանը չի լինի, ուստի փոխզիջումների է գնում տարածաշրջանային գործընկերների հետ եւ կենտրոնանում է ուկրաինական ճակատի ու ներքին խնդիրների վրա։ Նույնիսկ Միջին Ասիան այսօր երկրորդական տեղ է գրավում, ինչպես ցույց են տալիս ներկա գործընթացները։
Վերջին սյունակում խոսել էի Հայաստանի եւ «Քարտե տնակ» սերիալի զուգահեռների մասին։ Սերիալում ԱՄՆ պետքարտուղար Քեթրին Դյուրանն ասում էր, թե Մերձավոր Արեւելքից դեռեւս ոչ ոք հաղթանակած դուրս չի եկել։
Պնդումը ճշմարիտ է, հասցված ավերածությունները դեռեւս ոչ ոքի վերջնական հաղթանակ չեն բերել ո՛չ Իրաքում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լիբիայում, սակայն ռազմական գործողությունների տարածման նոր ալիք միշտ բացվել է։
Հայաստանն էլ Մեծ Մերձավոր Արեւելքի երկիր է, եւ այդ տարածաշրջանը միշտ իր ազդեցությունն ունեցել է։ Ռազմական գործողություններն ավելի քան հավանական են։ Հայաստանը թուլացած եւ բարոյալքված է, ունի ոչ ունակ իշխանություններ ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Իսկ Իրանի, Հնդկաստանի, առավել եւս Ռուսաստանի ու հավաքական Արեւմուտքի վրա հույս դնելը մեզ չի օգնի, քանի դեռ չենք դիմում ինքնօգնության, չենք ապավինում մեր ուժերին։
Իրանն ամենասերտ դաշնակիցն է այս պահին, բայց ոչ ամենակարողը, Ռուսաստանի ամենակարողության վրա դրած հույսը մեզ բերեց ցավալի պարտություններ, եւ նման սխալներ կրկնելն անընդունելի է։
Միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն եթե բացառենք էլ այդ տարբերակը, գոնե ոչ «հավաստի աղբյուրի» ոճով պետք է ներկայացնի, թե ինչ է կատարվում, ինչ են առաջարկում Հայաստանին, ինչքան թույլ կտան մեր հնարավորությունները։
Մենք պետք է գնանք տոտալ պատերազմի՞, արժանապատիվ, տանելի՞, թե՞ ծանր խաղաղության։ Առնվազն Արմեն Գրիգորյանի հարցազրույցը եւ դրան հաջորդած Ալիեւի պնդումները խաղաղության որեւէ հույս չեն թողնում։
Վերջապես պետք է դադարեցնել այս աշխարհաքաղաքական սիրախաղը եւ ռուսական ռազմակալման հիմքեր չստեղծել։ Նիկոլ Փաշինյանն ամենահարմար թեկնածուն է ռուսական ծրագրերի իրականացման համար։
ՔՊ-ին իրոք սառը ցնցուղ է անհրաժեշտ։
Արմեն Մկրտչյան