Գեղանկարիչ Վահագն Վարդանյանը Վանաձորի իր տան պահարանում խնամքով դասավորած իրերն է ցույց տալիս՝ դասագրքեր, թերթեր, լուսանկարներ, պատվոգրեր, բացիկներ, կնիքներ, շքանշաններ․․․ բոլորն անխտիր խորհրդային ժամանակներն են հիշեցնում, բայց Վահագնի պատմությունը դրա՛նց մասին չէ։ Տասնամյակներ առաջ կիրառելի այդ իրերով նա փորձում է ամբողջացնել իր քաղաքի՝ անցյալի պատկերը, պատմել մանկության, պատանեկության Կիրովականի մասին, որը 1988-ի երկրաշարժի փլատակներում է մնացել։
«Կիրովականի քիմգործարանի թաղամասում եմ ծնվել, մանկապարտեզ, դպրոց գնացել։ Հետո տեղափոխվել ենք Բազում (թաղամաս՝ Վանաձորում – հեղ․)։ Կար ժամանակ, որ ուզում էի՝ վերադառնամ մանկություն, կարոտս առնեմ․․․ ուրիշներին դա հաջողվում էր, ինձ չհաջողվեց, որովհետեւ երկրաշարժի ամենամեծ հարվածը վերցրած թաղամասն էր «քիմգործարանը»։ Ես ուզեցի՝ գնամ իմ մանկապարտեզը, դպրոցը տեսնեմ, չհաջողվեց։ Ու սկսեցի ավելի շատ կարոտել։ Էդ կարոտախտն ինձ ուտում էր, ու էս ամեն ինչն էդտեղից առաջացավ, երբ սկսեցի փնտրել իմ մանկապարտեզի, դպրոցի նկարները։ Շատ փնտրեցի, բայց չգտա։ Ու էդ փնտրտուքի հետ գալիս էին Կիրովականի նկարները, կուտակվում, շատանում․․․»։
Հավաքված լուսանկարները, որ արդեն փոքրիկ արխիվ էին դարձել, Վահագնը որոշել էր հանրայնացնել ցուցահանդեսի միջոցով։ Ասում է՝ ճիշտ ժամանակը 2018-ն էր՝ երկրաշարժի 30-րդ տարելիցը, որ «ժողովուրդը գար, տեսներ, հիշեր»։ Ցուցահանդեսը կազմակերպելիս նրան տարբեր մարդիկ են աջակցել, գումար նվիրաբերել։ Հետո մտափոխվել է՝ ներդրումներն ափսոս էին․ ցուցահանդեսը մի քանի օրվա կյանք էր ունենալու, մինչդեռ ձեռքի տակ եղած լուսանկարները կարելի էր բազմապատկել, համալրել անցյալը հիշեցնող այլ իրերով ու թանգարան հիմնել։
«Առաջին տեղում լուսանկարներն էին, դրանից հետո եկավ գեղանկարների միտքը, որոնք դրսում են, պետք է բերվեն։ Հետո եկավ մակետի գաղափարը, որովհետեւ քիմգործարան թաղամասը ամբողջովին չկա, եւ բարձրահարկերը, մի մեծ հատված էնտեղից չկա։ Ու մանկության տարիներին, երբ էնտեղ այցելել եմ կրպակ, փոստ, Նոր տարի ա եղել, շնորհավորանք, բացիկներ․․․ դրանց կարոտն էլ կա։ Փորձելու եմ, որ էդ կրպակն էլ ունենանք, փոստն էլ, դասարան ունենանք, դասագրքեր լինեն։ Մի թաղամասի միջոցով ցույց տանք ամբողջ Կիրովականը»։
Մանկության կարոտն ու Վանաձորի անցյալը հավերժացնելու միտքը Վահագնին կարծես կտրել են ներկայից։ Ներկան նրան հետաքրքիր չէ նաեւ արժեքների փոփոխության առումով։ Այսօր գերիշխողը նյութն է, դրա կողքին՝ արատավոր անտարբերությունը, որոնց ստվերում անտեսանելի են դառնում իրական արժեքները։ Այս պատճառով է նաեւ Վահագն Վարդանյանը, որ 20 տարի լուսանկարչությամբ ու տեսանկարահանմամբ է զբաղվել, սիրած գործից հրաժարվել։
«Ես ուզում եմ ամեն բան ներկայացնել որպես արվեստ, իսկ իմ արածը արվեստ չէր արդեն։ Ինքն ինձ տանում էր դեպի գումար աշխատելը։ Իսկ մարդկանց ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե որակը, այլ թե տվյալ նկարը երբ պատրաստ կլինի։ Արժեքների պատճառով ինձ այլեւս գումարը չէր հետաքրքրում։ Լուսանկարչությունը խորթացավ ինձ համար, երբ փողը դարձավ առաջնային։ Թողեցի եւ անցա կտավներին»։
Կտավների համար Վահագնը երկու «ուղղություն» է ընտրել․ Ղարաքիլիսա-Կիրովական շարքը թանգարանում ցուցանմուշ կդառնա, իսկ անվանի կտավների կրկնօրինակները, եթե գոհացնեն նրան, կվաճառի։
Ինչ էլ որ անի, առանցքում Կիրովականի թանգարանի գաղափարն է։ 2024-ի աշնանը այն պետք է բացված լինի՝ անկախ նրանից, թե ինչ չափի եւ որտեղ կլինի։ Վահագնի մտքում թանգարանի գտնվելու վայրը քիմիական գործարանի թաղամասն է, որտեղ իր ակունքներն են, եւ որտեղից ծնվել է գաղափարը։
Իսկ ձեռքի տակ եղածը, անշուշտ, անընդհատ համալրման կարիք ունի։
«Նվիրատուներ կան, դրամով են օգնում, էդ գումարը գնում է տարբեր իրերի ձեռքբերման ծախսերին։ Հավաքածուի համար առանձին պարագաներ նվիրողներ համարյա չկան։ Մի քանի բան եկել է, բայց շատ մեծ «արխիվը», որ հենց քաղաքում է, չեմ կարողանում գտնել, հավաքել։ Հայտարարություն եմ տվել, մեկ-երկու մարդ արձագանքել են։ Ինձ թվում ա՝ մարդիկ կա՛մ անտարբեր են, կա՛մ էլ իրենց սեփականությունն է, չեն ուզում ուղղակի տալ, հանձնել։ Հարթակներ կան՝ գիշեր-ցերեկ հետեւում եմ, մարդիկ, որ զբաղվում են, գիտեն՝ հետաքրքրվում եմ, զանգում են, ասում՝ էսինչ բանը կա։ Ինչն էլ բաց եմ թողել, մենակ ֆինանսականի պատճառով»։
Վանաձորցի գեղանկարիչը դիմում է իր համաքաղաքացիներին՝ խնդրանքով, որ միանան Վանաձորի անցյալը տեսանելի, առարկայական դարձնելու իր նախաձեռնությանը։ Դրա համար պարզապես ցանկություն է պետք, իսկ անցյալը հիշեցնող իրեր եւ լուսանկարներ, վստահաբար, բոլորն ունեն։
Ջանքերն ու ներդրումները, ըստ Վահագնի, պետք է ուղղել նման գործերին, որ քաղաքը զարգանա, ապրի։ Քաղաքային միջավայր ձեւավորողը ամեն օր բացվող խանութներն ու ռեստորանները չեն, այլ արվեստի, մշակույթի կենտրոնները, որոնք ամեն գնով պետք է շատացնել։
«Թանգարանի բացումը մեծ գաղափար է, որ ինձ մտքով, աչքով, ականջով, հեռանկարով կապել է Վանաձորին։ Մի քանի անգամ եղել եմ դրսում, հասկացել եմ, որ իմը Հայաստանն ա։ Մի քանի անգամ էլ կարճ ժամանակով Երեւանում եմ ապրել ու ասել եմ՝ վերջ, Կիրովականից դուրս գալու տեղ ես չունեմ, դատապարտված եմ էս քաղաքում մնալու։ Թանգարանի գաղափարը պետք ա մարմնավորվի, շոշափելի դառնա։ Սկսել եմ, պետք է ավարտին հասցնեմ։ Պատճառը դա է հիմնական։ Եթե մի օրով էլ դուրս եմ գալիս, վատանում եմ։ Առանց էս քաղաքի չեմ կարող․․․»
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։