Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիային հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին` պատասխանելով իրենց ուղղված մեղադրանքներին։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կդատապարտի Իսրայելին ռազմական հանցագործությունների հատկանիշներ ունեցող Գազայի հատվածում գործողությունների համար:
«Այն երկրի նախագահը, որն իրագործել է Հայոց ցեղասպանությունը եւ մտածում էր, թե աշխարհը կլռի, այսօր պարծենում է նրանով, որ անհիմն պահանջներ է ներկայացնում Իսրայելին։ Մենք հիշում ենք հայերին, քրդերին։ Ձեր պատմությունը խոսում է ձեր մասին»,– X–ի իր գրառման մեջ նշել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
Իսրայելի դեմ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարան հայց է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում կարելի է որակել որպես ցեղասպանություն: