ԻԻՀ ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավար Ջամալ Արեֆը հայտնել է, որ սահմանված հնգօրյա ժամանակահատվածում թեկնածությունը գրանցելու համար շտաբին է դիմել ընդհանուր առմամբ 592 քաղաքացի, որոնցից 552-ը՝ տղամարդ, 40-ը՝ կին:
ԻԻՀ ընտրությունների գլխավոր շտաբի ղեկավարը նշել է, որ Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդին են փոխանցվել թեկնածուների ներկայացրած բոլոր փաստաթղթերը: Պահապանների խորհուրդը 10 օրվա ընթացքում կքննարկի թեկնածուների տվյալները եւ մայիսի 26-27-ին կհրապարակի հաստատված թեկնածուների ցուցակը, եւ կպարզվի՝ 592 հոգուց քանիսն են հաստատվել որպես Իրանի նախագահի թեկնածու:
Իրանի նախագահի թեկնածուների թվում են նաեւ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին եւ Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ, Գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի նախկին խորհրդական Ալի Լարիջանին։
Իրանի նախագահ դառնալու մտադրություն էր հայտնել նաեւ իրանական քաղաքականության ազդեցիկ դեմքերից մեկի՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսանջանիի դուստրը՝ կանանց իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ֆաիզե Հաշիմին։
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին: Գործող նախագահ Հասան Ռոհանին չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ պաշտոնավարում է արդեն երկրորդ ժամկետով: