Փարիզի դրամահատարանը 27 միլիոն մետաղադրամ է հատել առանց Եվրահանձնաժողովի կողմից դրանց ձեւավորման հաստատման, եւ հիմա դրանք պետք է ոչնչացվեն եւ վերստին հատվեն:
La Lettre պարբերականը գրում է, որ Ֆրանսիայում եվրոյի հատման համար պատասխանատու Monnaie de Paris ընկերությունը նոյեմբերին հատել է 10, 20 եւ 50 եվրո ցենտ անվանական արժեքով մետաղադրամներ՝ նոր դիզայնով։ Այս հրամանը տվել է ընկերության գործադիր տնօրեն Մարկ Շվարցը։
Ինչպես նշում է պարբերականը, Մարկ Շվարցը ցանկացել է, որ նոր մետաղադրամները դեկտեմբերի 7-ին ներկայացվեն էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո Լը Մերին, երբ նա կայցելի Փարիզի առափնյա Կոնտի շրջանում տեղակայված դրամահատարանի կենտրոնակայան:
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովի Տնտեսական եւ ֆինանսական հարցերի տնօրենությունը (ECFIN) չի հաստատել մետաղադրամների ձեւավորումը եւ խոտանել է դրանք։ Տնօրենությունը հայտնել է, որ մետաղադրամի վրա պատկերված աստղերը «դժվարընթեռնելի» են:
La Lettre-ը նշում է, որ 27 միլիոն հատ մետաղադրամները ներկայացնում են Փարիզի դրամահատարանի տարեկան արտադրության 4%-ը։ Մետաղադրամների ոչնչացումը պետական գործակալության բյուջեին կարժենա 700 հազար եվրոյից մինչեւ 1,2 միլիոն եվրո։