Տասը հաջողված դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում եւ Շիրակում: Ամփոփվել է «Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագիրը:
Նպատակը եղել է աղքատության պատճառների եւ հետեւանքների մեղմացումը տնտեսապես անբարենպաստ պայմաններում գտնվող համայնքներում: Ծրագիրն անցկացրել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը, «Տնտեսական զարգացման եւ համագործակցության կենտրոնը», «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» եւ «Հրանտ Մաթեւոսյան» հիմադրամը՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Կազմակերպիչները փաստում են՝ մի քանի փուլից բաղկացած ծրագիրն արդյունավետ է եղել. կոնկրետ վայրերում կոնկրետ խնդիրներ են լուծվել: Առաջին փուլում արվել են հետազոտությունները: Նախաձեռնողները նշում են՝ կարեւոր է այն կոնցեպտի ընկալումը, որ աղքատությունը պարզապես գումարի բացակայությունը չէ, բազմաթիվ հանգամանքներ պետք է հաշվի առնել: Ուսումնասիրության ընթացքում հնչած հարցադրումներն էլ հենց նշված հանգամանքները երեւան հանելու նպատակ են ունեցել: Օրինակ՝ առողջապահական եւ կրթական ծառայություններին հասանելիություն, բալանսավորված սննդի, չօգտագործված հագուստ գնելու հնարավորություն, տրանսպորտ, առողջ ջեռուցում, աշխատաշուկային հասանելիություն եւ այլն:
«Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Տաթեւիկ Փափազյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ խնդիր ունեին նշված արձանագրումները կատարելուց հետո գտնելու եւ փոխանցելու կիրառական մեթոդներ, որոնց գործածման դեպքում կլինեին շոշափելի արդյունքներ:
«Հետազոտությունների տվյալներն օգտագործելով՝ փորձել ենք իրազեկել, համախմբել բոլորին, որ քննարկեն, թե ինչպես կարելի է հասցեագրել բազմաչափ աղքատությունը»,- ասում է Տաթեւիկը: 2000-ից ավելի մարզաբնակների շրջանում հարցումներ են արվել, անցկացվել է կարողությունների զարգացման 100-ից ավելի դասընթաց, համագործակցել են տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ:
Խնդիր են ունեցել ամրապնդելու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) եւ բնակիչների կապը՝ իրական խնդիրները վերհանելու եւ լուծումներ գտնելու:
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Բալասանյանը նշում է՝ Հայաստանը չափերով փոքր, բայց աղքատության բազմազանության տեսանկյունից մեծ երկիր է: Թյուրըմբռնում կա, որ աղքատությունը նույն դեմքն ունի երկրի բոլոր համայնքներում: Հենց դա է պատճառը, որ համազգային հետազոտությունները լիարժեքորեն չեն կարող ցույց տալ խնդիրների հիմնական ծավալն ու տեղային պատկերը, անհրաժեշտ են հենց համայնքային հետազոտություններ:
«Որոշ դեպքերում ակնհայտ տարբերություններ են եղել նույն մարզի կենտրոնի եւ սահմանամերձ բնակավայրի աղքատության դրսեւորումներում. օրինակ՝ առողջապահական ծառայությունների, աշխատաշուկայի հասանելիության, առողջ ջեռուցման հնարավորության կամ տարեցների զբաղվածության առումներով»,-ներկայացնում է Սոնան:
Մեր զրուցակիցը վստահ է՝ եթե տվյալները շարունակաբար հավաքվեն, քաղաքականություն իրականացնողներն էլ հետամուտ լինեն դրանց ուսումնասիրմանն ու գործնականում լուծումներ տալուն, շոշափելի արդյունքներ կգրանցվեն:
ՏԻՄ-երի հետ աշխատանքը, սակայն, ոչ միշտ է սահուն ընթացել: Այդ մասին է փաստում Լոռվա մարզում գործող «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Քոթանջյանի փորձը:
Իրենք դրամաշնորհառուներից մեկն են, ծրագիրն անցկացրել են մարզի Սպիտակ եւ Փամբակ խոշորացված համայնքներում, որտեղ տրանսպորտի խնդիր կա: Շուրջ 20 բնակավայրերում արված հարցումները ցույց են տվել, որ ենթակառուցվածքի բացակայությունն էապես նպաստում է աղքատության չափերի մեծացմանը: Ծրագրի կազմակերպիչները ստորագրահավաք են նախաձեռնել՝ հարցը համայնքի ավագանու օրակարգ մտցնելու համար:
Գեւորգը պատմում է, որ համայնքային իշխանությունը ճնշում է գործադրել: Համայնքապետը վարչական ղեկավարների հետ նիստ է արել, պարզաբանում է պահանջել, թե «քաղաքացին քանի գլուխ ունի, որ թուղթ ստորագրի»:
«Այնուամենայնիվ, մեր բարձրաձայնած հարցը մտավ նիստի օրակարգ, եւ առաջին անգամ Սպիտակում ավագանին սկսեց խոսել: Սա միակ նախադեպն է, երբ համայնքի ղեկավարը դեմ էր, բայց համայնքի ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց, եւ հարցը մտավ ՀՀ Ազգային ժողով: Հիմա օրենքի փոփոխություն է նախատեսվում, որը հնարավորություն կտա բնակավայրերում տրանսպորն ավելի հասանելի դարձնելու»,- ներկայացնում է Գեւորգը՝ նշելով, որ սա նաեւ կդառնա նախադեպ, թե ինչպես է հանրային մասնակցությամբ լուծվում կարեւորագույն սոցիալական խնդիր ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանի այլ համայնքներում:
Գեւորգը կարեւորում է նման ծրագրերի անցկացումը՝ նշելով, թե հատկապես հետհեղափոխական Հայաստանում դրանք անհրաժեշտություն են: Պաշտոնյաները մի քանի տարի այդ կարգավիճակում լինելուց հետո կտրվում են իրականությունից, եւ եթե նման նախաձեռնությունները չլինեն, մարդկանց ձայնը լսելի չի լինի:
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում էլ դրամաշնորհներից մեկն ուղղված է եղել զբաղվածության խնդրի լուծմանը:
«Հմտությունների դպրոց» ծրագրի շրջանակում նախաձեռնողները 60-ից ավելի մարզաբնակների շրջանում հինգ դասընթաց են անցկացրել՝ գիտելիք փոխանցելով թվային մարքեթինգի, սոցիալական մեդիա-մարքեթինգի, ֆոտո-վիդեո նկարահանման, վիդեոմոնտաժի եւ կայքերի ստեղծման վերաբերյալ:
Ծրագրի ղեկավար Լուիզա Վարդանյանը նշում է՝ ոլորտը պատահականորեն ընտրված չէ: Ընտրել են այնպիսի մասնագիտություններ, որոնք շուկայում պահանջված են, եւ դրանցով հնարավոր կլինի զբաղվել նաեւ բնակավայրից, եթե, օրինակ, տրանսպորտի խնդիր կա:
«Գրեթե բոլոր դասընթացների ավարտից հետո եղել են հաջողված պատմություններ, շատերն արդեն աշխատանք են ստացել տարբեր ընկերություններում: Կարեւորել ենք նաեւ այն, որ շատ երիտասարդներ, այդ հմտությունները ձեռք բերելով, չեն լքի մարզը, ինչը եւս խնդիր է»,- ասում է Լուիզան:
«Համայնքային աղքատության հաղթահարում. կիրառական մոտեցումներ» ծրագիրն անցկացնողները փաստում են՝ ապացուցել են, որ «հետազոտություն-քաղաքական կամք-կիրառական լուծում» կապը կոնկրետ բնակավայրի կոնկրետ խնդրի դեպքում գործում է, եւ պետք է հետեւողական լինել դրա ներդրմանը ամբողջ Հայաստանում:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: