Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ հունվարի 17-ին հանձնաժողովում անցկացվելիք նիստի օրակարգ է ընդգրկվել «ՄՏՍ Հայաստանը» վաճառելու գործարքի մերժման վերաբերյալ հարցը։ Ըստ մերժման հիմնավորման՝ ընկերության վաճառքի առչնությամբ առարկություն է ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ավելի վաղ՝ 2023-ի նոյեմբերի 3-ին, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտնել էր, որ կիպրոսական գրանցում ունեցող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդը» ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդից» ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը: «ՄՏՍ Հայաստանի» բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդին» օտարելու հարցով ՀԾԿՀ-ին էր դիմել նաեւ 2023 թվականի ապրիլին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն ժամանակ մերժել էր գործարքը՝ նշելով, որ դրան դեմ է արտահայտվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
ՀԾԿՀ-ն նոյեմբերի 15-ին հավանություն էր տվել ընկերության վաճառքին։ ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվել էր, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի առումով առարկություններ չունեն։