ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, թե Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանագծմանը եւ սահմանազատմանը, եթե այդ հարցով դիմեն երկու կողմերը, բացահայտ բացասական վերաբերմունք է խնդրի շուրջ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, որոշ իմաստով՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Իրանի կողմից վերջին օրերին հնչեցված մոտեցումներին եւ խորքային առումով վտանգներ է պարունակում:
Ըստ երեւույթին, Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի հարցով ՌԴ նախագահից Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի ուղղակի ռազմական օժանդակության խնդրանքը դիվանագիտական խողովակներով նախապես Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել: Դա Մոսկվայում, դատելով արտգործնախարար Լավրովի հայտարարության կոշտ ձեւակերպումից, ընկալվել է որպես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության միջազգային արժեզրկման փորձ:
Նման իրավիճակը բացահայտ մարտահրավեր է ԼՂ խաղաղապահ գոտու կառավարման Ռուսաստանի մենաշնորհին, որն իր արտահայտությունը գտավ նախ Ֆրանսիայի նախագահի՝ խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու առաջարկությամբ, ապա Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությամբ, թե Լոնդոնի համար նախընտրելի է հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային խաղաղապահ կառավարումը:
Ստեղծվում է ակնհայտորեն երկակի իրավիճակ, երբ Հայաստանը խնդիրները դե ֆակտո փորձում է լուծել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց դիվանագիտական ուղղությամբ, կամա թե ակամա, խնդիրներ է հարուցում նույն Ռուսաստանի համար: Այդ միտումներին ի հակակշիռ՝ Ռուսաստանը ռազմական առումով մոդելավորում է ԼՂ-Սյունիքի վիճելի սահմանների իդենտիֆիկացումը, որի քաղաքական հետեւանքները, եթե ամեն ինչ գնա փաստացի դրությունը ֆորմալացնելուն, ծանրագույնն են լինելու:
Ներքաղաքական մրցակցությունը, որքան կարելի է հասկանալ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին դրդում է արտաքին աջակցություն որոնելու նաեւ Արեւմտյան բեւեռում: Մամուլում եւ սոցիալական ցանցերում որոշակի շրջանակներ եւ խմբեր տանում են բացահայտ հակառուսական քարոզչություն: Դա կարող է հաղորդակից անոթների սկզբունքով տրանսֆորմացվել նաեւ Ստեփանակերտում, ինչն այս պահին ճակատագրական սխալ կլինի:
Հայաստանը մտել է արտաքին քաղաքական տուրբուլենտության նոր փուլ, որտեղ իշխանության համար պայքարն է առաջնահերթություն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի էլեկտորատը համալրելու արեւմտյան կողմնորոշման կրողների հաշվին կամ ծայրահեղ դեպքում այնպես անելու, որ այդ ձայներն անցնեն Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան դաշինքին՝ հետընտրական իրավիճակում կոալիցիա կազմելու հեռանկարով: Դա իր ներքին խնդիրն է, բայց հեռանկարում Հայաստանի նախընտրական իրավիճակի ֆոնին Մոսկվայից կարող են հետեւել այլ անակնկալներ եւս: Ադրբեջանական մեդիատիրույթում չափազանց սուր է դրվում Կարմիր շուկա-Շուշի ճանապարհի հարցը:
ՀԱԿ-ի համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն, ըստ էության, աշխարհաքաղաքական չափազանց բարդ իրավիճակում Հայաստանի ապագա իշխանության կողմնորոշման ճանապարհային քարտեզ է: Հայաստանի հետտերպետրոսյանական իշխանությունների միջազգայնորեն ոչ գործունակության պատճառով մենք հայտնվել ենք նույն կացության մեջ, ինչ 1990-1991 թվականներին: Այն տարբերությամբ, որ երեսուն տարի առաջ մենք Ռուսաստանում, Արեւելյան Եվրոպայում եւ Մերձբալթիկայում ունեինք քաղաքակրթական լուրջ աջակցություն:
Այսօր միասնական Եվրոպան, որի մի մաս է կազմում Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով տարածաշրջանը, Ռուսաստանն ընկալում է իբրեւ սպառնալիք, Հայաստանը՝ բացառապես ռուսական գործոն: Եվրոպական խորհրդարանականների մակարդակով արվող սատարման հայտարարությունները գործնական հետեւանք դժվար թե ունենան: Իսկ մեր դեմ դաժան իրականությունն է՝ բզկտված Արցախ եւ վտանգված Սյունիք:
Այս էքզիստենցիալ մարտահրավերի դեմ արտաքին քաղաքական ցանկացած ռեւերանս կարող է արձագանքվել վերսալյան ցնորապաշտության դիմաց Ալեքսանդրապոլ — 2-ի շատ իրական սպառնալիքով: Այո՛, ծանր է, բայց դա Հայաստանի անգործունակ (լավագույն դեպքում) իշխանությունների չքաղաքականության հետեւանքն է: Եվ այստեղ զգացմունքները ոչ միայն վատ խորհրդատու, այլեւ թշնամու շահերի սպասարկու են:
Սառնասրտություն, մաթեմատիկական ճշգրտության հաշվարկ: Քաղաքագիտական որեւէ բանաձեւ առաջարկել իմ միտքը չի զորում: Հրանտ Մաթեւոսյանի մոտ մի պատկեր կա, թե ինչպես մութ գիշերով հեծվորի տակ ձին անսպասելի կանգ է առնում: Եվ ինչ ջանք էլ որ գործադրում է, անհողդողդ է մնում մինչեւ լուսաբաց: Եվ ծագող արեւի հետ հեծվորի առջեւ պարզվում է սահմռկելի տեսարանը. ձին անդունդից մի քայլի վրա է կանգնած՝ ամբողջովին քրտնակոխ: Մենք ենք:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։