Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ի հիշատակ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ դաստակին «100 օր. 07/10» վիրակապ կրելու համար։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։
Գործը քննվում է հանրային ատելություն եւ թշնամանք հրահրելու հոդվածով։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Եհեզքելը ձերբակալվել է։
Նախօրեին 28-ամյա ֆուտբոլիստը տոնել է «Տրաբզոնսպորի» դեմ խաղում գոլը՝ ի ցույց դնելով թեւկապի մակագրությունը. ուղերձը հիշեցնում է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից անցել է հարյուր օր: Իսրայելական կողմի տվյալներով՝ ավելի քան 130 պատանդ դեռեւս ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են։ Ի պատասխան՝ Իսրայելը, խոստանալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, հարվածներ է հասցնում խմբավորման վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածին։
Թուրքիայի արդարադատության նախարարը նշել է, որ Եհեզքելն իր ժեստով աջակցել է «Գազայում իսրայելական ջարդերին»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»:
«Անթալիասփոր»-ը իսրայելցի ֆուտբոլիստին հեռացրել է՝ մեղադրելով նրան Թուրքիայի «արժեքներին դեմ» գործելու համար։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես դատապարտել է ֆուտբոլիստի «անընդունելի պահվածքը»։
Բուն Իսրայելում պատերազմի հարյուր օրը նշանավորվել է աշխատանքային օրվա 100 րոպեանոց դադարով եւ պատանդներին վերադարձնելու կոչերով: