Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովի (USCIRF) հանձնակատար Նադինե Մաենզան հայտարարել է, որ USCIRF-ը խիստ մտահոգված է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով:
«USCIRF-ը մտահոգված է պաշտամունքի եւ կրոնական այլ վայրերի ինտեգրման ու պահպանման վերաբերյալ զեկույցներից: Դրանց թվում է Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները «վերականգնման» անվան տակ հանվել են առանց հոգեւոր ժողովի մասնակցության»,- ընդգծել է հանձնակատարը:
Նա հավելել է, որ թեև մայր տաճարը վերականգնման կարիք ունի ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով վնասվելուց հետո, խիստ անհրաժեշտ է, որ այն եւ մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն:
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է արել ուշիուշով հետեւելու Ադրբեջանին, որը ներգրավված է կրոնական ազատության կոպիտ խախտումներում:
Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիան ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցին, դրա շուրջ ստեղծված իրավիճակին եւ ցանկանում, որ լույս սփռվի ցանկացած ավերածության վրա:
«Մենք արդեն առիթ ունեցել ենք հրապարակավ ասելու, որ խրախուսում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական փորձաքննության առաքելության արագ տեղակայումը տարածաշրջանում»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: