Ֆրանսիայի Սենատի օրակարգում հունվարի 16-ին ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող բանաձեւ: Նախագծում կոչ է արվում կանխել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման եւ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի հետագա փորձերը: Նշվում է, որ միաժամանակ անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել եւ երաշխավորել Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքը:
Բանաձեւում հիշեցվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Նշվում է, որ դա Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն հաստատելու միակ հնարավոր ճանապարհն է: Բանաձեւի նախագծում շեշտվում է, որ պետությունները պետք է հարգեն եւ պաշտպանեն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Միեւնույն ժամանակ նշվում է, որ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել, որ Ադրբեջանն անի ամեն ինչ՝ երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու հնարավոր պայմաններով:
Բանաձեւը վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ Հայաստանի ինքնիշխան տարածքից ելման դիրքեր դուրս բերել ադրբեջանական ուժերը: Սենատն իր բանաձեւում ողջունում է Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու Ֆրանսիայի կառավարության որոշումը:
Այն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական առաջնորդների, օրինական ներկայացուցիչների կամայական ձերբակալությունը եւ կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց: Բանաձեւը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցների ներքո Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել իր մոտ պահվող քաղաքացիական եւ ռազմական գերիներին եւ անհապաղ վերադարձնել զոհված հայ զինվորների աճյունները:
Բանաձեւի նախագծում եվրոպացի գործընկերներին կոչ է արվում հետեւելու Ֆրանսիայի օրինակին եւ ՀՀ-ում ապաստանած ԼՂ քաղաքացիական բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար ավելացնել Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը: