Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Դավոսում անցկացվող տնտեսական համաժողովի շրջանակում հունվարի 17-ին հանդիպել է Պակիստանի ժամանակավոր վարչապետ Անվաար ուլ Հաք Կակարի հետ։
Իրանի ԱԳՆ-ից hայտնել են, որ հանդիպումն անցկացվել է նախօրեին՝ Պակիստանին Իրանի հարվածից հետո։ Քննարկվել է արդյոք այդ հարցը բանակցությունների ժամանակ՝ հայտնի չէ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունվարի 16-ին հայտարարեց, որ բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով հարված է հասցրել Իրանի հետ սահմանակից Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղակայված «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բազային։ Սա Իրանի ԶՈՒ-ի առաջին հրթիռային հարվածն էր Պակիստանի տարածքին։ Պակիստանի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարվածը եւ հայտնել, որ դրա հետեւանքով երկու երեխա է զոհվել։ Նշվել է, որ ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել։
Հանդիպման ժամանակ Աբդոլահիանն ասել է, որ ԱՄՆ-ին թվում է՝ ի վիճակի է կառավարելու իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, մինչդեռ պատերազմի ժամանակ ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Իրանի արտգործնախարարը նշել է, որ Պաղեստինից ճգնաժամը տարածաշրջանի վրա է տարածվում, դրա համար անհրաժեշտ է, որ Իրանն ու Պակիստանը ավելի շատ ջանք գործադրեն պատերազմը դադարեցնելու համար։
Ժողովուրդների միջեւ կապերը դյուրացնելու, ինչպես նաեւ իրանցի եւ պակիստանցի գործարարների համագործակցությունն ամրապնդելու համար արտգործնախարարը կարեւորել է Թեհրանի եւ Իսլամաբադի միջեւ համատեղ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությունը: