Ամստերդամի իշխանությունները կատուների տերերին պարտավորեցրել են տնից դուրս գալուց առաջ փոքրիկ զանգակով վզնոց կապել իրենց ընտանի կենդանիներին: Ըստ հաղորդագրության՝ դա անհրաժեշտ է նրա համար, որ թռչունները եւ այլ վայրի կենդանիները զանգի շնորհիվ «տեղեկացվեն կատվի ներկայության մասին»:
Քաղաքային իշխանությունները որոշումը հիմնավորել են նրանով, որ կատուն այն սակավաթիվ կենդանիներից է, որոնց թույլատրվում է քաղաքում առանց հսկողության շրջել, սակայն լուրջ սպառնալիք է թռչունների համար: Ըստ Վագենինգենի համալսարանի հետազոտողների՝ ընտանի կատուները տարեկան մոտ 18 միլիոն թռչուն են սպանում:
Ամստերդամը նաեւ արշավ կսկսի՝ կատուների տերերին կոչ անելով միկրոչիպեր դնել եւ ստերիլիզացնել իրենց չորքոտանի բարեկամներին՝ վայրի կենդանիների պոպուլյացիան նվազեցնելու նպատակով: Իշխանությունները միաժամանակ հայտարարել են, որ բռնվելուց եւ ստերիլիզացվելուց հետո վայրի կատուներն այլեւս բաց չեն թողնվի «էկոլոգիապես խոցելի տարածքներ»:
Բնապահպանները նաեւ կոչ են անում կատվի պարետային ժամ սահմանել։ 2019 թվականին Թիլբուրգի համալսարանի բնապահպանական իրավունքի պրոֆեսորներ Արյե Տրաուբորստի եւ Հանա Սոմսենի աշխատությունում նշվում էր, որ ընտանի կատուն լուրջ սպառնալիք է Նիդերլանդներում 370 կենդանիների տեսակների համար:
Ըստ Թռչունների եվրոպական ցուցումների՝ պետությունները վայրի բնությունը պաշտպանելու իրավական պարտավորություն ունեն, ուստի, ըստ հետազոտողների, թույլ տալ, որ կատուները «թափառեն եւ աջ ու ձախ սպանեն», միանգամայն անօրինական է: