Ի պատասխան Կարմիր ծովում միջազգային եւ առեւտրային նավերի վրա հարձակումների՝ ԱՄՆ-ը Եմենի հութիներին կրկին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժումն առաջին անգամ ներառվել է ցուցակում 2021 թվականին՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, սակայն նույն տարվա փետրվարին նախագահ Ջո Բայդենը հութիներին հանել է «սեւ ցուցակից»։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որոշումն ընդունվել է մարդասիրական նկատառումներով։
Միաժամանակ CBS հեռուստաալիքը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Եմենի հութիների «Անսար Ալլահ» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին։ Ամերիկացի պաշտոնյան, որի անունն ու պաշտոնը չի նշվում, հայտնել է, որ ռմբակոծության է ենթարկվել մի քանի թիրախ, որոնցից նոր հարձակումներ էին նախապատրաստվում։
Ավելի վաղ հութիները գրոհային անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակվել էին Ադենի ծոցում ամերիկյան առեւտրային նավի վրա։ Նավը վնասվել է, սակայն շարունակել է նավարկությունը։