Գյումրու ամենաբանուկ՝ Հաղթանակի պողոտան 2023 թվականի գարունը բացվելուն պես հիմնովին քանդել ու վերակառուցում են: Հիմնանորոգումը կատարվում է «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Շինաշխատանքների պատվիրատուն եւ ֆինանսավորողը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:
Աշխատանքն իրականացնող «Բիլդեր քոնստրաքշն» ՍՊԸ-ն 1,4 կմ երկարությամբ ճանապարհը կհիմնանորոգի 577 մլն 106 հազար դրամով։
Փողոցաշինական աշխատանքներում ներառված են նաեւ Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, սալիկապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, լուսավորության ստորգետնյա համակարգի անցկացումը։ Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթեւեկությունն էլ շուտով կդառնա շրջանաձեւ:
Աշխատանքների զգալի մասն արված է, պողոտայի ձախակողմյան հատվածը գրեթե պատրաստ է: Այժմ հիմնանորոգման աշխատանքները տեղափոխվել են աջակողմյան հատված, որի մայթերը վաղուց զավթել են ժամանակավոր տնակային կրպակները:
Խիտ-խիտ, անկանոն շարված տաղավարները երկար պատմություն ունեն: 90-ականներից սկսած՝ համայնքապատկան տարածքների վրա քաղաքային իշխանությունները մեծ թափով թույլտվություններ տրամադրեցին, որ մարդիկ տնակ-տաղավարներ շարեն: Հետագայում տնակների, բայց ո՛չ տարածքի սեփականատերերը դրանք վարձով տվեցին անհատ տնտեսվարողներին:
«Լավամարդ լինելու» եւ «օրվա հացի խնդիր ենք լուծում» մարդկանց ականջին հաճո խոսքերով քաղաքային իշխանությունները տարիներ շարունակ Հաղթանակի պողոտան դարձրին հսկայական փնթի ու հակահիգիենիկ առեւտրի կետերի շարան:
2024 թվականը ոմանց համար հաճելի, ոմանց էլ դժգոհելու առիթ տվող լուրով սկսվեց. քաղաքապետարանն ապամոնտաժում է մինչեւ մայթի եզրերը դրված տաղավարները:
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը «Ալիք Մեդիային» հաղորդեց, որ Հաղթանակի պողոտայի շինաշխատանքներին խանգարող շուրջ չորս տասնյակ տաղավարները կարճ ժամկետում կապամոնտաժվեն:
Ըստ նրա՝ տնտեսվարողներից ոչ մեկի համար այս որոշումն անակնկալ չէր, ծանուցումներ էին ստացել ամիսներ առաջ, ոմանք արդեն տեղափոխվել են մի քանի մետր հետ գտնվող բարվոք տարածքներ: Ովքեր այլ տարածքներ չեն գտել, ապրանքը տնակից հանել, փողոցում են վաճառում, ինչի իրավունքը չունեն:
Համայնքապատկան տարածքներն ազատում են, ապամոնտաժված տաղավարներն էլ տալիս են սեփականատերերին: Հարցին, թե վտանգ չկա՞, որ տնակները կտեղափոխվեն քաղաքի այլ տարածքներ, Ջանոյանը պատասխանում է՝ ո՛չ, քանի որ քաղաքապետարանը նման գործունեության համար տարածքներ չի տրամադրելու:
Գյումրու այլ փողոցներում էլ քաղաքի դեմքն աղավաղող տնակների պակաս չկա. հարյուրավոր տաղավարներ կան, որոնց ապամոնտաժման վերաբերյալ քաղաքապետարանը դեռ հստակ ժամկետ չի նշում:
Որպես Հաղթանակի պողոտայի հիմնանորոգման վերջնաժամկետ նշված էր 2024 թվականի ապրիլը, բայց ըստ Սուրեն Ջանոյանի՝ մինչեւ տարվա կեսը հույս ունեն ավարտել աշխատանքները:
Նշենք, որ ժամանակավոր տաղավար-տնակների ապամոնտաժումը հանրային լուրջ քննարկումների, տարակարծությունների առիթ է դարձել Գյումրիում: Հասարակությունը երկու բանակի է կիսվել, անզիջում անպատվում ու անարգանքի սյունին են գամում միմյանց. մի մասը թե՝ թողե՛ք, մարդիկ առեւտուր անեն, տուն պահեն, մյուս մասն էլ ուզում է քաղաքը տեսնել նորոգված ու կոկիկ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։