Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համագործակցության հեռանկարային ձեւաչափ է համարում «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը:
Նա նշել է, որ ռուսական կողմն առաջարկել է ավելի ակտիվ զարգացնել հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համագործակցության մեխանիզմը: Նա հավելել է, որ այդ ձեւաչափում մի քանի հանդիպում է եղել, որին մասնակցել են նաեւ ՀՀ ներկայացուցիչները։
«Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում այդ ձեւաչափը հեռանկարային կլինի, քանի որ այն կախված չէ ինչ-որ գլոբալ, աշխարհաքաղաքական փոփոխություններից եւ զերծ է հեգեմոնիայի պահպանման այն աշխարհաքաղաքական խաղից, որն այժմ զարգացնում է Վաշինգտոնը Բրյուսելի գործընկերների հետ»,– շեշտել է Լավրովը: