ՌԴ-ն տագնապով հետեւում է վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին: Դրա մասին հունվարի 18-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուս դիվանագետը նշել է, որ իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ եւ անվտանգությամբ:
Նա հայտարարել է, որ Մոսկվան Իրանին եւ Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ ծագող հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: «Կրկին ընդգծում ենք հակաահաբեկչական գործողությունների անցկացման անհրաժեշտությունը, ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս այդ պետությունների իշխանությունների համաձայնությամբ ու համակարգմամբ»,- ասված է գերատեսչության կայքում։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Թեհրանն ու Իսլամաբադը մոտ ժամանակներս կգտնեն առաջացած տարաձայնությունները բարիդրացիության ոգով հարթելու միջոց՝ ներառյալ տարածքներից եկող ահաբեկչական սպառնալիքները կասեցնելու վերաբերյալ։
Նա ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ռուսական կողմի համագործակցելու պատրաստակամությունը։