Այսօր Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստում քննարկվել է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Որոշվել է, որ ՀԱԿ-ը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսի վարչության հայտարարությունը
«Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները եւ տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։ Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով եւ լարված հակամարտությամբ։ Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության եւ քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջեւ։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից եւ չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։
Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության եւ ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ եւ անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։
Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձեւավորել կարող եւ արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու եւ նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը եւ բռնել առաջընթացի ուղին»։