Խաղաղության օրակարգի իշխանական թեզերն օր օրի մաշվում են, մինչդեռ օրակարգի խոսույթը դեռ կենսունակ է եւ շաղախված լիբերալ-դեմոկրատական երանգներով:
Շատերը դա պայմանավորում են մեր «նոր դաշնակիցների»՝ Ադրբեջանի դեմ կիրառվող «պարտադրանքով», բայց, չգիտես ինչու, Ադրբեջանը լիարժեքորեն մերժում է արեւմտյան հարթակները:
Խաղաղությունն էլ, ինչպես գիտեն բանական մարդիկ, հիմնված է հավասարակշռված պայմանավորվածությունների վրա, իսկ ինչ է անում Ալիեւը։ Նա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրելու միայն Հայաստանի փաստացի կապիտուլյացիան կամ էլ պատրաստվում է նոր պատերազմի:
Նրա պնդումներն ուղղված չէին ներքին լսարանին, նա չի պատրաստվում խաղաղության, Ադրբեջանը երբեք դրան չի պատրաստվել, իսկ պարտադրելու մեր ներուժը վաղուց արդեն չկա: Ալիեւի պնդումներին առաջ էլ էինք այսպես վերաբերվում, հիշե՛ք Ապրիլյանը, 44-օրյան, վերջին էթնիկ զտումներն Արցախում: Բնական է, որ լիբերալ-դեմոկրատական ու հետխորհրդային ավտորիտար աշխարհ-համակարգերը մեզ որեւէ ընդառաջ քայլ չարեցին ընդդեմ Ադրբեջանի:
Եվ ինչո՞ւ Ալիեւը պետք է ընդառաջ գնա Հայաստանի ղեկավարին, որը պարտության է տարել իր պետությունը եւ վերընտրվել աշխարհաքաղաքական համաձայնությամբ, ինչպես որ հայտնվել էր հայոց գահին:
Հայաստանի արեւմտյան գործընկերների «սիրալիր» վերաբերմունքը կապում են Հայաստանի [վիճելի] ժողովրդավարացման հետ: Դա, կարելի է ասել, միջազգային հարաբերությունների լիբերալ տեսության պնդում է, սակայն այդ մարդիկ՝ փորձագետները, քաղաքագետները, գործիչները, չհասկացան այդ պնդման սնանկությունը:
Աշխարհաքաղաքականությունը հիմնվում է ուժի, ռեսուրսների, ազդեցության վրա, մնացածը ածանցյալներ են: Հայաստանում նաեւ չհասկանալու տվեցին այն, որ այս իրողություններով պայմանավորված՝ Ադրբեջանը կենսական նշանակություն ունի բոլոր բեւեռների համար եւ, ինչպես կասեր Զբիգնեւ Բժեզինսկին, այն աշխարհաքաղաքական կենտրոն է:
Պետք է նաեւ հասկանալ, որ Հայաստանին ցուցաբերած ռազմական, քաղաքական բնույթի եւ հայտարարությունների մակարդակում յուրաքանչյուր օգնություն կապված է մեր գործընկերների աշխարհաքաղաքական, առեւտրատնտեսական, լոգիստիկ շահերի հետ:
Ոչ ոք չի երդվել, որ ամեն պարագայում մեր քաղաքակրթական ակունքների համար կկանգնի մեր կողքին եւ կպաշտպանի մեզ: Վանո Սիրադեղյանն ասում էր, թե մենք ոչ մի քայլ դեռեւս չենք արել առանց Ռուսաստանի, սակայն այսօր կարծես մենք քայլ ենք ուզում անել բոլորի հետ եւ չենք ցանկանում մի գրամ իսկ պատասխանատվություն վերցնելու մեր ուսերին ապագայի համար:
Միջազգային հարաբերությունների ռեալիստական տեսության համաձայն՝ աշխարհին բնորոշ են անիշխանությունն ու պատերազմները: Գոյատեւելու համար պետությունները պետք է ճիշտ կիրառեն իրենց ռեսուրսները, գոյապահպանության համար դիմեն ինքնօգնության, դրանից ելնելով՝ ճիշտ համագործակցության դաշտ ստեղծեն դաշնակիցների հետ եւ վերջիվերջո ընկալեն աշխարհն այնպես, ինչպիսին կա, այլ ոչ թե այնպես, ինչպիսին կուզեին աշխարհը տեսնել լիբերալները:
Այսպիսով՝ Հայաստանը դուրս է ռեալիստական տրամաբանությունից, իսկ ՀՀ ինքնիշխան հպարտ քաղաքացին պատերազմների ընդլայնվող աշխարհագրության պայմաններում չգիտի իր գլխին գալիքը:
Հայաստանը պատրա՞ստ է լայնածավալ պատերազմի։ Եթե՝ոչ, ի՞նչ ելք է տեսնում մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, ո՞րն է լինելու մեր աշխարհաքաղաքական ընտրությունը:
Խաղաղություն չի՛ լինելու: Եթե ստորագրվի որեւէ փաստաթուղթ, դրա կետերը լինելու են Հայաստանի համար ծանր պայմաններ, իսկ քիչ թե շատ մեզ համար դրական կետերը խախտվելու են Ադրբեջանի կողմից:
Սրա մասին պետք է տեղեկացված լինի հանրությունը, եւ դրա հետ մեկտեղ նրան պետք է տրամադրվի մեր ուժերին համապատասխան ապագայի տեսլական:
Սիրադեղյանական խոսույթը շատ տեղին է այսօր. «Այսպես չեն գնում ո’չ դեպի խաղաղություն, ո’չ դեպի պատերազմ, այսպես գնում են դեպի ոչինչ»: