Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հունվարի 19-ին միջտարածաշրջանային ուզբեկական «Վաթանդոշ» համայնքի ղեկավար Ուսման Բարատովին դատապարտել է երկու ամսվա կալանքի՝ «վերադարձրե՛ք աքլորներին ճակատից» գրառման համար։
Հարցաքննության ընթացքում Բարատովը մեղքը չի ընդունել, քրեական գործով նշանակվել են դատաբժշկական մի շարք փորձաքննություններ՝ ներառյալ լեզվաբանական եւ համակարգչային-տեխնիկական։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուսման Բարատովի դեմ՝ սոցիալական ցանցերում նրա գրառման համար, որում նա մեկնաբանել է հավի ձվի կտրուկ թանկացումը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Բարատովը հրապարակեց նկար՝ «Թան էլ չէ, բրդած մածուն, չէ մի չէ՝ ձու: Ճակատից հետ բերեք աքլորներին» մակագրությամբ:
Նկարի վրա ուշադրություն են հրավիրել ռուս կրեմլամետ բլոգերները։ Դրանում տեսնելով Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մասնակիցների՝ մոբիլիզացվածների կանանց ակնարկը՝ նրանք հավաքական հայտարարություն են ուղարկել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ պահանջելով քրեական գործ հարուցել ուզբեկական համայնքի նախագահի դեմ:
Դրանից հետո Բարատովին բերման են ենթարկել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ատելություն եւ թշնամանք հրահրելու հոդվածով։ Ըստ քննիչների՝ ուզբեկական համայնքի ղեկավարը «նվաստացրել է Ռուսաստանի մի խումբ քաղաքացիների, դրանց թվում՝ հատուկ ռազմական գործողության մասնակիցների արժանապատվությունը»։
Ինքը՝ Ուսման Բարատովը, մեկնաբանելով իրեն առաջադրված մեղադրանքը, հայտարարել է, որ «հավերի կատակ լուսանկարը ոչ մի կապ չունի Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակիցների հետ»։
Իր հերթին, Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը պահանջել է ազգային համայնքներն ու գաղութները հավասարեցնել կազմակերպված հանցավոր կառույցներին՝ կոչ անելով վերջ տալ «միջէթնիկ ազատականությանը» եւ «վերացնել նման միավորումները»։