Գյումրին բարդ ու պարզ քաղաք է։ Այստեղ շատ են հակադրությունները։ Մի կողմից պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող կենտրոնն է, ինչպիսին չես գտնի Հայաստանի ոչ մի քաղաքում, անգամ՝ Երեւանում։ Մյուս կողմից երկրաշարժի 35-ամյա չսպիացող վերքերն են՝ տնակային ավանների տեսքով։ Մի երրորդ կողմ էլ կա՝ դա աղետից հետո կառուցված նոր թաղամասերն են, որոնք ոչ մի կերպ չեն կապվում ու ներդաշնակվում ավանդական Գյումրիին։ Այսուհանդերձ կա մի բնութագիր, որը տարբերում է Գյումրին բոլոր քաղաքներից։ Դա ուրույն լինելու կարողությունն է եւ ինքնությունը պահպանելու ձիրքը։