Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Մարկ Գարնոն նաեւ հավաստիացրել է, որ Օտտավան տարբեր միջազգային հարթակներում կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին՝ Երեւանին եւ Բաքվին կոչ անելով նվազեցնելու լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:
Ավելի վաղ Կանադայի արտգործնախարարը թվիթերյան գրառմամբ խոր մտահոգություն էր հայտնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ` կողմերին հորդորելով հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը եւ շարունակել բանակցել հարատեւ ու խաղաղ կարգավորման համար: