Հայաստանում 2021-ից մեկնարկած՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման համար նախորդ տարի հայտ է ներկայացրել Հայաստանի շուրջ 34 հազար ուսուցիչներից 6321-ը, որից գործընթացին մասնակցել է 4326-ը (կամ ՀՀ ուսուցիչների ընդհանուր թվի 14,7 %-ը), ատեստավորվել է 2976-ը: 2021-ին կամավոր ատեստավորմանը մասնակցել է 996 ուսուցիչ միայն` «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաների մասնագետներ։ 2022-ին կամավոր մասնակցել է 2333 ուսուցիչ։
2023-ին ատեստավորմանն ամենաշատը մասնակցել են «Հայոց լեզու» առարկան դասավանդող ուսուցիչները` 564 անձ: Առաջին եռյակում են նաեւ «Մաթեմատիկա» (471) անձ եւ «Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա» (446 անձ) առարկաների ուսուցիչները։ Բացի ատեստավորումից՝ ուսուցիչներին նաեւ որակավորման տարակարգ է շնորհվում, եւ 2023-ին նրանց թիվը եղել է 109։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գրավոր աշխատանքները ստուգելու եւ դասղեկների հավելավճարի հարցը թողել է մարզպետարանների հայեցողությանը։ Արդյունքը, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, եղել է այն, որ որոշ մարզերում այդ գումարը պարզապես չեն ստանում։
Տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճարը տրվում է հետեւյալ կերպ. 1-ին աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10%-ի, 2-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20%-ի, 3-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30%-ի, 4-րդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50%-ի չափով:
Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ ատեստավորման ընթացքում 90-100% արդյունք ցուցաբերած ուսուցիչների հավելավճարը տրվում է աշխատավարձի 50%-ի, 80-89% արդյունքի դեպքում` 40%-ի, 70–79% արդյունքի դեպքում` 30%–ի չափով: Իսկ 60-69% արդյունքի դեպքում էլ աշխատավարձերը պահպանվում են առանց դրույքաչափերի փոփոխության եւ հավելավճարի։