ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մի շարք օրենսդիրներ մտահոգություն են հայտնել նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի կապակցությամբ, քանի որ ներկայիս նախագահի քաղաքականությունը ծայրաստիճան ոչ պոպուլյար է, եւ նրա վարկանիշը շարունակում է ընկնել։
Այսպես՝ սենատոր Բեռնի Սանդերսը մտահոգված է առաջիկա ընտրությունների վերաբերյալ Բայդենի թիմի մոտեցմամբ։ Նրա կարծիքով՝ նախագահը պետք է փոխի իր ընթացքը, քանի որ Իսրայելին իր աջակցությունը վնասել է երիտասարդ ընտրողների շրջանում նրա հեղինակությունը:
«Կասկած չկա, որ երիտասարդների համար շատ դժվար է, կարծում եմ՝ ամերիկացիների մեծամասնությունը չի կարող չանհանգստանալ այն բանի համար, թե ինչ է կատարվում հիմա… Նախագահ Բայդենը պետք է փոխի քաղաքական ուղղությունը»,- ասել է սենատորը:
Ներկայացուցիչների պալատի այլ դեմոկրատներ, մասնավորապես՝ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին առաջնորդ Սթենի Հոյերը եւ Բենի Թոմփսոնը, եւս մտահոգություն են հայտնել քարոզարշավի ուղղության վերաբերյալ:
Նշվում է նաեւ, որ դեմոկրատ ստրատեգներ Դեյվիդ Աքսելրոդը եւ Ջեյմս Քարվիլը նույնպես մտահոգություն են հայտնել Բայդենի վերընտրվելու հնարավորությունների վերաբերյալ։ «Բայդենին 2024 թվականի ընտրություններում սպասվում է ծանր պայքար: Մի քանի հարցումներ ցույց են տվել, որ նա սպառնալիքի տակ է, եւ նրա ժողովրդականությունը մնում է ցածր»,- ասված է հայտարարության մեջ։