Հայաստանում ինքնասպանության ու դրա փորձերի թիվը, այդ թվում՝ անչափահասների շրջանում, վերջին տարիներին աճել է։ Վիճակագրական ցուցանիշները մտահոգիչ են։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 281, 2022-ին՝ 312, 2023-ին՝ 302 դեպք։
Աշխարհում ամեն տարի շուրջ 800 հազար նման դեպք է գրանցվում։ Այդ քայլին դիմում են ցանկացած տարիքում՝ դեռահասից մինչեւ տարեց:
Ինքնասպանություն գործելու հակված մարդիկ սովորաբար խոսում կամ գրում են դրա մասին, սոցիալական գործունեությունից օտարվում, ընկճվում եւ հուսահատվում են, այնուհետեւ նախապատրաստվում, ընտանիքին եւ հարազատներին հրաժեշտ են տալիս։ Հոգեբան Մարիետտա Խուրշուդյանը բացատրում է՝ պատճառները շատ են՝ հոգեկան խանգարումներ, դեպրեսիա, ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահում, անձնական կյանքում ճգնաժամ։ Մտածում են՝ չեն կարողանա հաղթահարել իրենց ծանր խնդիրները։ Ոմանք այնքան են հուսահատվում, որ ինքնասպանությունը խնդրի հաղթահարման միակ ելքն են համարում:
«Նման ծանր որոշման պատճառ կարող են լինել ֆինանսական խնդիրները, սիրելի անձանց հետ հարաբերությունների խզումը, աշխատանքի կորուստը, գործազրկությունը, քրոնիկական ցավը կամ հիվանդությունը, մշտական ինքնամեկուսացումը, նախապաշարմունքները, խտրականությունը, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը»,- նշում է հոգեբանը։
Այսպիսի իրավիճակում հայտնված մարդիկ պետք է հնարավորինս շուտ դիմեն մասնագետի օգնության։ Ոչ միայն նման մտքեր ունեցողները, այլեւ ինքնավնասում կատարողները օգնության կարիք ունեն, քանի որ նրանք եւս կարող են հասնել ինքնասպանության։ Հոգեբանը ինքնասպանության մտքեր ունեցող անձանց խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, միայնակ չմնալ։
Ինքնասպանությունը հնարավոր է կանխել
Ինքնասպանության հակում ունեցողներին կարող են օգնել հարազատներն ու ընկերները։ Հարկավոր է նրանց միջավայրը դարձնել անվտանգ. հեռացնել ինքնավնասման կամ ինքնասպանության միջոցները (թունաքիմիկատները, դեղորայքը եւ հրազենը եւ այլն)։ Պետք է բացատրեն նրանց, որ հարկ է դիմել մասնագետի օգնության։
Նրանց հետ հարկավոր է խոսել ըմբռնումով, օգնել, որ բժշկի կամ օգնության կենտրոն դիմեն։ Պետք է բացատրել, որ իրավիճակը, որում նրանք հայտնվել են, ամոթալի կամ անբարո չէ: Այսուհանդերձ, չի կարելի հանդես գալ որպես թերապեւտ: Այդ մարդիկ մասնագիտական օգնության կարիք ունեն։
Մասնագետը իրավիճակին համապատասխան բուժում կնշանակի․ կարող են կիրառվել հոգեթերապիայի եւ հոգեկրթության տարբեր մոտեցումներ, դեղամիջոցներ։
Մարիետտա Խուրշուդյանը վստահեցնում է՝ ինքնասպանության մասին մտքեր ունեցողը կարող է օգնել ինքն իրեն։ Պետք է անմիջապես օգնություն խնդրի բժշկից, դիմի վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի: Պետք է փորձի գիտակցել՝ որոնք են պատճառները, որ ինքնավնասման են դրդում, ապա ջանա նախ այդ խնդիրը լուծել:
Եթե սուիցիդալ մտքեր ունեցող աձը նախորդիվ դիմել է բժշկի, պետք է կանոնավոր ընդունի նշանակված դեղերը կամ այցելի թերապիաների։ Պետք է հոգ տանի իր մասին, առողջ սնունդ օգտագործի, քնի բավարար չափով, խուսափի ալկոհոլից, թմրամիջոցներից եւ այլ վատ սովորություններից:
Սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանն իր մասնագիտական պրակտիկայում առնչվել է այսպիսի անձանց հետ։
«Ինքնասպանության փորձ կատարողը մոռանում է, որ իր կյանքում կան նաեւ լավ կողմեր, լավ դրվագներ․ նա միայն բացասականն է տեսնում։ Իհարկե, որոշ մարդիկ մանիպուլացնելու նպատակով ձեւացնում են, որ կվնասեն իրենց, թեեւ իրականում նման մտադրություն չունեն։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ՝ դա վտանգավոր երեւույթ է, քանի որ բացառված չէ, որ ինքնասպանության փորձ կատարողը կարող է ի վերջո ինքնասպան լինել»,- ասում է Մարիամ Բադալյանը։
Ըստ նրա՝ ինքնասպանություն գործողների թվում շատ են թմրանյութերից, ալկոհոլից կախվածություն ունեցողներն ու խաղամոլները։ Նման մարդիկ հաճախ են ծանրագույն խնդիրների առջեւ կանգնում եւ դիմում նման ելքի։
Աննան (անունը փոխված է) տարիներ առաջ ինքնասպանության փորձ է կատարել․ ընտանիքում խնդիրներ են եղել ու պարբերաբար սթրեսային վիճակում հայտնվելով՝ որոշել է ինքնասպան լինել ու դեղահաբեր է խմել։
«Ես այլեւս չէի կարողանում ապրել այդ իրավիճակում։ Ի վերջո որոշեցի դեղահաբեր խմել։ Վստահաբար որոշել էի ինքնասպան լինել, բայց երբ մի քանի դեղահաբ ընդունեցի, գլխապտույտ ունեցա եւ զղջացի. լավ է, որ վերջին պահին խելքի եկա»,- մանրամասնում է Աննան։
Ինքնասպանության փորձից հետո նա դիմել է հոգեբանի օգնության։ Մասնագետը օգնել է, բացատրել, որ խնդիրները պետք է լուծել, ոչ թե դրանցից փախչելու ուղիներ որոնել։
«Կամքի ուժ գտա եւ իմ կարծիքն արտահայտեցի։ Իսկ նախկինում նախապաշարմունքներին զոհ էի գնում։ Չցանկանալով մանրամասնել իմ խնդիրները՝ պարզապես կասեմ՝ ես հասկացա, որ ինքս ինձ չէի գնահատում եւ թույլ էի տալիս, որ մյուսներն իմ փոխարեն որոշումներ կայացնեին, իսկ հետո դրանից ճնշվում էի ու դեպրեսիայի մեջ ընկնում»,- ասում է Աննան։
Հոգեբանի մոտ գնալուց հետո իրավիճակը փոխվել է։ Աննան իր ձեռքն է առել կյանքի ղեկը։
«Հիմա աշխատում եմ, որեւէ մեկից ֆինանսական կախվածություն չունեմ։ Խնդիրներ, իհարկե, էլի լինում են, ինչպես բոլորի կյանքում, բայց ես դրանք լուծում եմ եւ անցնում առաջ։ Ես ինձ ուժեղ եմ զգում»,- եզրափակում է Աննան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։