Եվրոպացի պաշտոնյաներն այս շաբաթ կսկսեն Ուկրաինային տասնյակ միլիարդավոր եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու նոր ծրագրի քննարկումը: Սրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հունվարի 19-ին իր ձեռքի տակ հայտնված ծրագրի գաղտնի նախագիծը։ Դրա իրագործումը հնավորություն կընձեռի շրջանցելու հունգարական վետոն։
ԵՄ նոր ծրագիրը, որի մասին գրում է պարբերականը, նախատեսում է ավելի քան 20 միլիարդ եվրո հատկացնել ԵՄ անդամ երկրներին՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Սպասվում է, որ փաստաթուղթը կքննարկվի ԵՄ առաջնորդների հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Սակայն պարբերականը գրում է, որ վերջնական որոշման համար կպահանջվի եւս մի քանի շաբաթ։
Ծրագրի նախագծում ասվում է, որ 2024 թվականին նոր հատուկ հիմնադրամը, ենթադրաբար, ԵՄ երկրներին կկարողանա փոխհատուցել Ուկրաինային օգնության ծախսերը 7,5 միլիարդ եվրոյի չափով։ Հունգարիան չի կարողանա արգելափակել այդ փոխհատուցումները։
Պարբերականը նշում է, որ եվրոպական աջակցությունը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով Ուկրաինային լայնածավալ օգնություն ցուցաբերելու ԱՄՆ Կոնգրեսի սահմանափակ հնարավորությունները։ «Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուկրաինացի զինվորականները ստիպված են առաջնագծի տարբեր հատվածներում անցնել պաշտպանական դիրքի։ ԱՄՆ-ի նոր օգնության բացակայության պայմաններում ուկրաինացի եւ արեւմտյան պաշտոնյաները զգուշացնում են Ռուսաստանի կենդանի ռազմական ուժի, զինամթերքի եւ այլ ռազմական պարագաների առավելության մասին»,- իրավիճակը նկարագրում է The Wall Street Journal-ը։
Եվրոպացի պաշտոնյաները, որոնց վկայակոչում է պարբերականը, համոզմունք են հայտնել, որ ԵՄ-ի որոշումը աջակցության նոր ծրագրի վերաբերյալ կա՛մ կօգնի Ուկրաինային վճռականորեն առաջադիմելու ռազմի դաշտում, կա՛մ լրջորեն կխաթարի նրա դիմադրելու կարողությունը:
Նոր ծրագրի իրագործումը, գրում է The Wall Street Journal-ը, կապահովի ռազմական տեխնիկայի պահանջարկի կայուն աճ առաջիկա մի քանի տարիների ընթացքում եւ կարող է խրախուսել եվրոպական տատանվող պաշտպանական ընկերություններին մեծացնել կարեւորագույն զենքերի արտադրությունը։
Հունվարի 22-ին Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան ԵՄ հատուկ հիմնադրամից չի մասնակցի Ուկրաինային տարեկան 5 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրելու ծրագրին: