ԲԴԽ-ից հունվարի 22-ին հայտնել են, որ 2024-ի փետրվարի 1-ից դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ ներառյալ հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումը, միջնորդությունը եւ այլն (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով), պետք է կազմվեն եւ ներկայացվեն համակարգի միջոցով:
Բարձրագույն դատական խորհրդից հայտնել են, որ դատավարական փաստաթղթերը համակարգի միջոցով կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ գնումներին առնչվող վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները եւ արտոնագրված հաշտարարները:
ԲԴԽ-ից հայտնել են նաեւ, որ համակարգի միջոցով դատավարական փաստաթղթերը կարող են ներկայացնել նաեւ ֆիզիկական անձինք, որոնք քաղաքացիական գործի շրջանակում առնվազն մեկ անգամ համակարգի միջոցով կատարել են որեւէ գործողություն եւ հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել համակարգից օգտվելու անհնարինության մասին: