Իսրայելը երբեք չի կարողանա ոչնչացնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի բոլոր թունելները կամ նույնիսկ դրանց մեծ մասը: Նման գնահատականին արդեն համաձայն են Իսրայելի պաշտպանության բանակի բոլոր մակարդակներում՝ գեներալներից մինչեւ բրիգադի եւ գումարտակի հրամանատարներ, որոնք «ամբողջ շաբաթներ են անցկացնում գետնի վրա՝ ոչնչացնելու թունելի համակարգի միայն մեկ հատվածը»,- գրում է իսրայելական Haaretz պարբերականի սյունակագիր Անշել Պֆեֆերը:
Մարտական ինժեներական ստորաբաժանումները դուրս են գալիս Գազայից եռամսյա մարտերից հետո «խառը զգացմունքներով». նրանք ավերել են «աննախադեպ թվով» թունելներ, բայց գիտեն, որ դրանցից շատերը դեռ կանգուն են ու անվնաս:
Պֆեֆերը նշում է, որ դա չպետք է զարմացնի, քանի որ Գազայի հատվածի տակ թունելները կային դեռեւս 1987 թվականից՝ ՀԱՄԱՍ-ի հիմնումից առաջ, եւ ամենայն հավանականությամբ, դրանք կշարունակեն գոյություն ունենալ նաեւ պատերազմից հետո: «ՀԱՄԱՍ-ը բավականաչափ տարածք ունի իր ուժերը գետնի տակ տարածելու համար, եւ հավանաբար աշխարհի օդային ուժերը բավականաչափ ռումբեր չունեն բոլոր թունելները միանգամից ոչնչացնելու համար»,- գրում է հոդվածագիրը:
Միայն գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հասկացավ, որ թունելների ցանցը շատ ավելի ընդարձակ է, քան պատկերացնում էին։ Ներկայում դրանց ընդհանուր երկարությունը գնահատվում է ավելի քան 700 կմ։ Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ում ենթադրում էին, թե ցանցը բաղկացած է մոտավորապես 1300 թունելից՝ 400-500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ (համեմատելի է Մոսկվայի մետրոյի երկարության հետ, որն ունի 460 կիլոմետր):
Իսրայելական բանակը նախորդ տարվա վերջին սկսել է ծովի ջուրը մղել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի հսկայական թունելային համալիր: Դրա մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով գործողությունների մասին տեղեկացված ամերիկացի պաշտոնյաներին։ Դա ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքները ոչնչացնելու մեթոդներից մեկն է։ Ըստ The Wall Street Journal պարբերականի աղբյուրների՝ գործողությունը կտեւի մի քանի ամիս։