Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի զինվորականներն իրենց կառավարությունների հրամանով հունվարի 23-ին վերստին լրացուցիչ համաչափ եւ անհրաժեշտ հարվածներ են հասցրել Եմենում հութիների ութ օբյեկտների ուղղությամբ՝ նպատակ ունենալով նվազեցնելու հութիների՝ նավերի վրա հարձակվելու հնարավորությունները եւ վերականգնելու Կարմիր ծովով բեռնափոխադրումները:
Մասնավորապես, հարվածներ են հասցվել «ստորգետնյա պահեստարանին», ինչպես նաեւ այն վայրերին, որտեղ գտնվում են հութիների հրթիռային օբյեկտները։
Հութիներին հարվածներ հասցնելիս ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի զինվորականներին աջակցել են Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդերլանդների կառավարություններն ու զինվորականները:
Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Paveway IV բարձր ճշգրտության կառավարվող ռումբեր են կիրառել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի մերձակայքում գտնվող երկու ռազմական օբյեկտներում մի քանի թիրախներ խոցելու համար, որոնք օգտագործվել են «Կարմիր ծովում հարձակումների» ժամանակ:
Եմենի հութիների իշխող «Անսար Ալլա» շարժումը վերահսկում է Կարմիր ծովի` Եմենի ափերի մեծ մասը: Հութիներն ավելի վաղ նախազգուշացրել էին Իսրայելի հետ առնչություն ունեցող ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել դրանցից իրենց անձնակազմերը: