Հունվարի 1-ի դրությամբ հանրային մուլտիպլեկսում հեռարձակվող հեռուստատեսություններից 3-ը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, կուտակել են ժամկետանց դեբիտորական պարտք, դրանց թվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող հեռուստաընկերությունը՝ «Freenews»–ը։
Թերթը գրում է, որ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը օրեր առաջ պատժամիջոց էր կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության նկատմամբ։ Օրաթերթը դիմել է ԲՏԱ նախարարություն՝ հասկանալու համար, թե էլ որ հեռուստաընկերություններն են ենթարկվել պատժամիջոցների, եւ որոնք ունեն չվճարված պարտքեր։
Նախարարությունից հայտնել են, որ հունվարի 1-ի դրությամբ «Ա-Թիվի»-ն կուտակել է 32 միլիոն դրամ, «Ֆրինյուզ» ՍՊԸ-ն՝ 23,3 միլիոն դրամ, «Ֆորտունա» ՍՊԸ-ն՝ 5,4 միլիոն դրամ պարտք:
2024 թվականին «Ֆորտունա» ընկերությունն ամբողջությամբ մարել է պարտքը։ «Ա-Թիվի» ընկերությունը 32 միլիոն դրամ պարտքից մարել է 13,3 միլիոն դրամը։ Ընկերությունը պարտքի մյուս մասը կմարի դատարանի սահմանած ժամանակացույցով։ «Ֆրինյուզ» ընկերությունը 23,3 միլիոն դրամ պարտքից մարել է 1,5 միլիոն դրամը: Պարտքի մնացորդն այս պահին 21,8 միլիոն ՀՀ դրամ է։