Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին հանրապետությունում գրանցվել է 108194 ճանապարհատրանսպորտային վթար:
Միայն վրաերթի ենթարկվելու հետեւանքով 108 քաղաքացի է մահացել, որոնք փողոցը հատել են ոչ սահմանված տեղից:
ՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղասի Խաչատրյանն առանձնացնում է 2023 թվականին Գյումրիում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների ամփոփ տվյալները: Քաղաքում գրանցված 884 պատահարների հետեւանքով 185 քաղաքացի տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել, դեպքերից ութն էլ ողբերգական՝ մահվան ելքով են ավարտվել: Գյումրիում գրանցված շուրջ 50 վրաերթի հետեւանքով էլ 4 քաղաքացի է մահացել:
Օր օրի աճող այս ցուցանիշը նվազեցնելու նպատակով պարեկային ծառայությունը 2024 թվականից իրականացնում է ուժեղացված ծառայություն եւ սկսել է վարչական տույժ կիրառել իրավախախտ հետիոտների նկատմամբ: Այս տարի արդեն 415 քաղաքացի է տուգանվել ոչ սահմանված վայրից փողոցը հատելու համար:
Եթե քաղաքացին լուսացույցին չի ենթարկվում, տուգանվում է 3000, իսկ ոչ սահմանված վայրից ճանապարհի երթեւեկելի հատվածը հատելու համար՝ 5000 դրամով: Անձնագիր չներկայացնելը օրինախախտ հետիոտնին չի փրկի. ծառայություն իրականացնողն իրավունք ունի նույնականացնելու քաղաքացուն եւ արձանագրություն կազմելու:
«Իսկ եթե ճանապարհահատվածի հետիոտնի համար արված գծանշման նշույլներն անգամ չեն երեւում, ի՞նչ անի քաղաքացին» հարցին ոստիկանության մայորը պատասխանում է՝ չեն տուգանի:
Գյումրիում ճանապարհային երթեւեկության նշանների կահավորանքի ոչ լիարժեք լինելու մասին բազմիցս է խոսվել: Վարորդները հաճախ են բարձրաձայնում, որ այն չի համապատասխանում պահանջվող չափորոշիչներին, երբեմն էլ խանգարում եւ վթարի պատճառ է դառնում:
Գյումրիում գործող ավտոդպրոցներից մեկի տնօրեն Արմեն Պողոսյանը կահավորանքի թերի կամ ոչ ճիշտ լինելու խնդրին հաճախ է բախվում. ինչպե՞ս սովորեցնի հետեւել ճանապարհային նշաններին, եթե դրանց անվերապահ վստահելու դեպքում երբեմն կարող ես վթարի ենթարկվել:
Պողոսյանը չի հերքում, որ համայնքապետարանը քաղաքում երթեւեկությունը կարգավորելու գործուն քայլեր շատ է անում, բայց դրանք երբեմն չեն համապատասխանում չափորոշիչներին: Բազմաթիվ օրինակներ է բերում՝ հետիոտնային անցումի սահմանված լայնությանը, կանգառից հեռավորությանը չհամապատասխանելը, դրանց շրջադարձի հատվածում լինելը, գծանշումների եւ «հետիոտնի անցում», «կանգառ», «արհեստական անհարթություն» ճանապարհային նշանների բացակայությունը:
«Վիճահարույց նշաններ կան, որոնք ավելի լավ է չլինեին, քան լինեին՝ լինելու համար: Քաղաքում կա փողոց, որտեղ գլխավոր ճանապարհի նշանն է դրված, բայց հակառակ կողմում զիջելու նշանը չկա: Եթե գլխավորի նշանը չլիներ, վարորդները կմտածեին՝ հավասարազոր է: Բայց ենթարկվելու դեպքում վթարն անխուսափելի է»,-ասում է ավտոդպրոցի տնօրենը:
Որ Գյումրիում 2023 թվականին ճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար տեսանելի աշխատանք է տարվել, ակներեւ է. արդիականացվել ու կահավորվել են խաչմերուկներ, բազմաթիվ լուսացույցներ են տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ դրանք երբեւէ չէին եղել, ավելացվել են կանչերով հետիոտնային անցումներ:
Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Հարություն Մխիթարյանը վստահեցնում է, որ աշխատանքները տարվում են ոստիկանության հետ գործակցությամբ, բայց երբեմն սխալներից խուսափել չի լինում: Մասնագետն ասում է՝ վթարների համար միայն մեղադրել համայնքապետարանին, արդար չէ: «Եղել է դեպք, երբ վթարից հետո երկու վարորդի փոխհամաձայնությամբ ճանապարհային նշանը հանվել է: Տարածքում նկարահանող սարք չլինելու պատճառով ապացուցելն անհնարին է եղել, բայց մենք գիտենք, որ նշանը ժամեր առաջ կար»:
Անդրադառնալով հետիոտնային անցումների ներկերի անորակությանը՝ համայնքապետարանի ներկայացուցիչն ասում է՝ երբեմն ներկի արագ անհետացման պատճառը անորակ ճանապարհներն են կամ ասֆալտի գրեթե բացակայությունը:
Ոչ սահմանված վայրից փողոցն անցնելիս վրաերթի դեպքում իրավական ի՞նչ կարգավորումներ են նախատեսված, ինչպե՞ս կարող են վարորդները պաշտպանել իրենց իրավունքները, հնարավո՞ր է մահվան ելքով վրաերթի դեպքում պատասխանատվության չենթարկվել:
Փաստաբան Հայկ Հարությունյանը մանրամասնում է՝ ոչ սահմանված տեղից փողոցն անցնողին վրաերթի ենթարկելու դեպքում իրավակարգավորումներ կան, բայց պատճառահետեւանքային կապը պետք է գտնել: Վարորդը պետք է վարի սահմանված արագության չափով, որ վտանգ նկատելու դեպքում կարողանա իջեցնել արագությունը: Եթե ապացուցվի, որ անհնարին էր կարգազանց հետիոտնին նկատելը, վարորդը կարող է ազատվել պատասխանատվությունից:
Փաստաբանն ասում է՝ շատ կարեւոր է նաեւ վարորդի՝ դեպքի վայրից չփախչելն ու տուժածին օգնություն ցուցաբերելը: «Քրեական մեկ հոդված է վրաերթ կատարելը, լրիվ այլ հոդված է վրաերթի վայրում վարորդի պահվածքը: Եթե վարորդը օգնություն է ցուցաբերում, երկրորդ հոդվածն ինքնաբերաբար չի կիրառվում: Առաջինը ոչ դիտավորյալ, երկրորդը՝ մտածված հանցանք է»:
Փաստաբանն այցելուներ է ունեցել, երբ երկու մեքենա են բախվել, բայց նրանցից ոչ մեկը մեղավոր չեն. ճանապարհային ոչ ճիշտ տեղադրված նշաններն են ապակողմնորոշել: Այս դեպքում պատասխանող կողմը համայնքապետարանն է եղել:
Համայնքապետարանից ասում են՝ նշանները տեղադրելիս աշխատում են ոստիկանության հետ, ոստիկանությունից էլ թե՝ համագործակցում են, բայց վերջնական որոշումը քաղաքապետարանինն է:
Մինչեւ կորոշվի, թե ովքեր են թերանում, ճանապարհային ոչ ճիշտ կահավորումը նոր վթարների պատճառ է դառնում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։