«Սպուտնիկ Արմենիա» 106.0 հաճախականությամբ հեռարձակվող ռադիոկայանը հունվարի 25–ին կվերադառնա եթեր։ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին միաձայն կողմ է քվեարկել, որ «Տոսպա» ռադիոընկերության արտոնագրի չեղարկման կասեցումը վերացվի։
«Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, եւ որ մենք մեզ համարում ենք ազատ երկիր` ունենալով արժանապատվություն, առաջարկում եմ կասեցումը չեղարկել եւ թույլ տալ «Տոսպա» ռադիոընկերությանը շարունակել գործունեությունը»,– նշել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը համարում է, որ կասեցման համար անհրաժեշտ նվազագույն պահանջները կատարվել են։
Տիգրան Հակոբյանն ընդգծել է, որ բարձր են գնահատում ռուսական պատվիրակության այցը Հայաստան եւ հույս ունեն, որ նման դեպքեր չեն կրկնվի, ու «Սպուտնիկ Արմենիան» կկատարի այն առաքելությունը, որի համար ստեղծված է։ «Բոլոր հիմքերը կան այդպիսի խախտման պարագայում հետ կանչել լիցենզիան եւ զրկել «Տոսպա»–ին ՀՀ սուվերեն տարածքում հեռարձակելու իրավունքից»,– նշել է ՀՌՀ նախագահը: