ԱՄՆ հրեա համայնքի առաջնորդները Վաշինգտոնին կոչ են արել ավելի սերտ հարաբերություններ հաստատել Բաքվի հետ։ Համայնքի ղեկավարներն ասում են, որ եթե ԱՄՆ-ը ցանկանում է պայքարել Իրանի դեմ, ուրեմն պետք է հատուկ ուշադրություն դարձնի Ադրբեջանի հետ հարաբերություններին։
Հրեա առաջնորդներն ասում են, որ մինչ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը բազմաթիվ ճակատներում կռվում են Իրանի վստահված անձանց դեմ, Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ կա սերտ, բայց «քիչ հայտնի» հարաբերություններ:
Ամերիկայի սիոնիստական կազմակերպության (ZOA) ղեկավար Մորթոն Քլայնը, որը երկու տասնամյակ ղեկավարում էր երկրի ամենահին իսրայելամետ կազմակերպությունը, մատնանշել է անցյալ տարի Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը տարիներ շարունակ դիվանագիտական կապերից հետո:
«Անվտանգության համար չափազանց կարեւոր է, երբ Ադրբեջանի նման մահմեդական երկիրը բարեկամ է Իսրայելի հետ՝ միաժամանակ երկար սահման ունենալով Իրանի հետ»,- ասել է սիոնիստական կազմակերպության (ZOA) ղեկավարը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կայցելի Ադրբեջան։
Իր համոզմունքը հայտնելով, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն երկու երկրների համար՝ Նյու Յորքի NORPAC-ի նախագահ Սթենլի Սթեռնն ասել է, որ Ադրբեջանը՝ որպես Իսրայելի բարեկամ, ունի բազմաթիվ ռազմավարական արժեքներ։
«Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին եւ մեծ քանակությամբ զենք է գնում Իսրայելից։ Բաքուն հոկտեմբերի 7-ից ի վեր բացահայտորեն չի քննադատել հրեական պետությանը, փոխարենը ամուր են մնացել հրեական պետության հետ իրենց հարաբերություններում»,- շեշտել է նա՝ նշելով, որ «այս բոլորը կարեւոր են»։
NORPAC-ի մասին
NORPAC-ը 1982 թվականին Նյու Ջերսիում հիմնադրված երկկուսակցական, բազմակի թեկնածուներով քաղաքական գործողությունների հանձնաժողով է, որն աշխատում է ամրապնդել Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերությունները: