Ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն Հայաստանի Հանրապետությունը կփոխանցի հավանաբար Ադրբեջանին: Դրա մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարե:լ է հունվարի 23-ին 2023–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Ըստ Միրզոյանի՝ ՀՀ-ն տրամադրված է շարունակելու վստահության ամրապնդման միջոցառումները։ Նա հավելել է, որ իր տեղեկություններով հայկական համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում վերականգնելու համար տեղեկությունները հնարավոր նոր ականների մասին։
«Ես չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների եւ վստահության ամրապնդման քայլերի դեպքում նոր տվյալներ փոխանցենք ադրբեջանական կողմին»,– ընդգծել է ՀՀ արտգործնախարարը։ Ըստ Միրզոյանի` այդ գործողությունը պետք է անել միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի ոչ մի կասկած չառաջանա այդ տվյալների հավաստիության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ հայկական կողմը Ադրբեջանին երկու անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները։
«Տարօրինակորեն ադրբեջանական կողմից շարունակաբար լսում էինք դժգոհություններ, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ ու ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը»,– ընդգծեց նա։ Նախարարը հիշեցրել է, որ տարածքների ականապատումը, որոնց մասին հայկական կողմն ադրբեջանական կողմին քարտեզներ է փոխանցել, սկսել է հենց Ադրբեջանը դեռեւս 1990–ականների սկզբին։