InSilico Medicine բիոտեխնոլոգիական ընկերության չինացի գիտնականները սակավարյունության բուժման նոր դեղամիջոց են հայտնաբերել։ Ճեղքումը հաջողվել է արհեստական բանականության (AI) վրա հիմնված Chemistry42 հարթակի շնորհիվ, որը բաղկացած է AI-ի ավելի քան 40 նմուշներից:
Ըստ տեղեկությունների՝ նեյրոցանցը հայտնաբերել է պրոլիլ հիդրօքսիլազայի (PHD) նոր արգելակիչ։ Այս միացությունն ազդում է հիմնարար կենսաբանական գործընթացների վրա՝ ներառյալ էրիթտրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների արտադրության, ինչը ցույց է տալիս սակավարյունության դեմ պայքարելու ներուժը երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում:
Օգտագործելով ներկառուցված զտիչներ, որոնք ընդգրկում են դեղերի նմանությունը, սինթեզի գնահատումը եւ այլն, արհեստական բանականությունը օպտիմալ համակցությունը բացահայտելու նպատակով վերլուծել է PHD արգելակիչների զանազան վարկածներ: Առնետների վրա թեստերը ցույց են տվել, որ ստացված նյութը մեղմացնում է կրծողների սակավարյունությունը։ Բացի դրանից՝ այն համեմատաբար հեշտ է սինթեզել։
«Chemistry-42-ի շնորհիվ ստացել ենք համապարփակ օգնություն՝ սկսած մոլեկուլների գեներացումից մինչեւ միացությունների ընտրություն: Գեներատիվ արհեստական բանականության միջոցով արդեն կարող ենք արագացնել դեղերի հայտնաբերման գործընթացը՝ չազդելով դեղամիջոցի որակի վրա»,- նշել է հետազոտության առաջին հեղինակը՝ համակարգչային քիմիայի մասնագետ Սյաոյու Դինգը: